Քաղաքականություն

Պետությունը ոչ մեկի գրպանը չի մտնում. Փաշինյանը ներկայացրեց հայտարարագրման նպատակը

5 րոպեի ընթերցում

Պետությունը ոչ մեկի գրպանը չի մտնում. Փաշինյանը ներկայացրեց հայտարարագրման նպատակը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկամուտների հայտարարագրման համակարգը կարևորում է ապապետությունից պետություն անցման տրամաբանության մեջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին: 

«Այս համակարգը կարևոր է ապապետությունից պետություն անցման տրամաբանության մեջ: Այդ թվում համընդհանուր հայտարարագիրն այն քայլերից մեկն է, որը, իմ խորը համոզմամբ, մեզ պետականազուրկ ժողովրդի գործելակարգից պիտի առաջնորդի դեպի պետականատեր ժողովրդի գործելակարգ»,–ասաց Փաշինյանը:

Նպատակները մի քանիսն են: Վարչապետն ընդգծեց՝ դրանցից մեկը հակակոռուպցիոն պայքարի և կոռուպցիայի կանխարգելման շղթան ամբողջացնելն է: 

«Կոռուպցիան իրականում չի պարփակվում ու սահմանափակվում միայն բարձրաստիճան ու ոչ բարձրաստիճան պաշտոնյաներով:  Կան բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք բարձրաստիճան չեն և բարձրաստիճան պաշտոնյաների համընդհանուր հայտարարագրման մեջ չեն մտնում: Ավելին՝ կան հայտարարագրվող պաշտոնյաների ընտանիքի անդամներ, որոնք համընդհանուր հայտարարագրման համակարգի մեջ չեն մտնում: Եվ ընդհանրապես ցանկացած կոռուպցիոն սխեմայում կա մարդ, որը որևէ պաշտոնական կարգավիճակ չի զբաղեցնում: Հետևաբար սա կարևոր է հակակոռուպցիոն պայքարի, կոռուպցիայի կանխարգելման շղթան ամբողջացնելու համար, որ մենք տեղեր չթողնենք, որ կոռուպցիայի «լճեր» ձևավորվեն»,–ասաց վարչապետը:

Հայտարարագրման համակարգի նպատակներից մյուսը, Փաշինյանի խոսքով, կառավարության սոցիալական քաղաքականությունն ավելի սոցիալական և նպատակաուղղված դարձնելն է:

«Ունենք սոցիալական անապահովության գնահատման համակարգ, որը ավանդաբար եղել է մեր երկրի ամենակոռումպացված տեղերից մեկը: Մարդու սոցիալական վիճակի գնահատումը տեղի է ունենում սուբյեկտիվ: Ընդ որում, ունենք բազմաթիվ ընտանեկան կամ աղքատության նպաստ ստացող մարդիկ, որոնք կարող են բանկերում ընդհուպ մի քանի միլիոնի ավանդներ ունենալ ու տոկոսներ ստանալ: Մենք ոչ մեկի չենք ուզում վատություն անել: Բայց ուզում ենք նրանցից, որոնք օբյեկտիվորեն չունեն այդ փողերի կարիքը, այդ փողերը վերահասցեագրել նրանց, որոնք օբյեկտիվորեն ունեն դրա կարիքը»,–ասաց Փաշինյանը:

Վարչապետը նկատեց՝ ՀՀ–ում պետությունը միլիարդներ է ծախսում ծննդօգնությունը 100 տոկոսով պետական ֆինանսավորելու համար: Ապա նա հարցրեց՝ արդյոք բոլորը դրա կարիքն ունեն: 

«Մենք ուզում ենք, որ մեր երկրի քաղաքացիները իրենց ընտանիքի անդամների կրթության և առողջապահության վրա ավելի շատ գումար ծախսեն: Ասում ենք՝ եթե այդ ուղղությամբ ավելի շատ գումար ծախսեք, մենք եկամտային հարկից վերադարձ կիրականացնենք»,–ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով պատգամավորի բարձրաձայնած մտահոգությանը՝ տեխնիկական բարդությունների հետ կապված ու հարցին, թե քաղվածքները, բանկային տրանսակցիաներն ավտոմատ լրացնելու ուղղությամբ հնարավո՞ր է գնալ՝ վարչապետն ասաց.

«Մենք գնում ենք այդ ճանապարհով: Առաջիկայում այդ ամենն ավտոմատ կներբեռնվի»: 

Փաշինյանի խոսքով՝ համընդհանուր հայտարարագրմամբ իրականացվում է նաև ստվերի կրճատման շատ կարևոր գործառույթ, բիզնեսի արդար հարկման մեխանիզմ է ձևավորվում:

«Ուզում ենք, որ յուրաքանչյուր քաղաքացի ունենա մի թղթապանակ, որտեղ կարողանա ամեն օր մտնել ու տեսնել, թե պետությանն ինչքան հարկ է վճարել»,–նշեց վարչապետը:

Անդրադառնալով հնչող մտահոգությանը, թե «պետությունն ինչո՞ւ է մտնում քաղաքացու գրպանը»՝ Փաշինյանը շեշտեց, որ այդ խոսույթի հետ բացարձակապես համաձայն չէ: «Այդ պետությունն ո՞ւմ պետությունն է: Այդ պետությունն այն մարդն է, ով դա ասում է: Պետությունը չի մտնում իր գրպանը: Ինքն է մի ձեռքով իր ձախ գրպանն է ստուգում, մի ձեռքով՝ աջ գրպանը: Այդ պետությունը ոչ մեկի գրպանը չի մտնում, գնում, փարվում է այդ մարդուն, ասում՝ դու իմ տերն ես, ինձնից մի օտարվիր»,–նշեց նա:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում