Քաղաքականություն

Իրանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացմանը՝ դրանում ամրագրված սկզբունքների հիման վրա. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ալի Աքբար Ահմադիանին

3 րոպեի ընթերցում

Իրանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացմանը՝ դրանում ամրագրված սկզբունքների հիման վրա. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ալի Աքբար Ահմադիանին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի գլխավորած պատվիրակությանը: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը խորհրդանշական է համարել այն, որ պարոն Ահամադիանն արտերկրյա բարձրաստիճան առաջին պաշտոնյան է, ով նոր մեկնարկած տարում այցելում է Հայաստան: Նա հավելել է, որ դա ընդգծում է Հայաստան-Իրան հարաբերությունների կարևորությունը և խորը բնույթը: 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու երկրների հարաբերություններում առկա է մեկ երաշխիք, որն անսասան է. Հայաստանն ու Իրանը միմյանց կապված են բնական շահերով: Վարչապետը շեշտել է ՀՀ կառավարության շահագրգռվածությունը՝ հետևողականորեն զարգացնելու և ընդլայնելու երկկողմ փոխգործակցությունը բոլոր ուղղություններով: 

Ալի Աքբար Ահմադիանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վարչապետ Փաշինյանին փոխանցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի ջերմ ողջույնները: ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը շեշտել է, որ Հայաստանի և Իրանի միջև առկա քաղաքակրթական հարուստ անցյալը և երկու ժողովուրդների շրջանում ջերմ շփումները վստահություն են հաղորդում, որ փոխշահավետ համագործակցությունը կշարունակվի ամրապնդվել և խորանալ: 

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացմանը վերաբերող հարցեր և համոզմունք հայտնել, որ կողմերն ունեն համագործակցության նոր հնարավորություններ, այդ թվում՝ տեխնոլոգիաների, արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, ճանապարհաշինության և այլ բնագավառներում: 

Կարևորվել է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ուղղությամբ իրանական կողմի հետ փոխգործակցության զարգացումը: Կողմերը վստահություն են հայտնել, որ ավտոմայրուղու կառուցումը նոր ազդակ կհաղորդի նաև երկկողմ առևտրաշրջանառության և բեռնափոխադրումների ծավալների ավելացմանը: 

Տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակման համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Ալի Աքբար Ահմադիանը նշել է, որ Իրանն աջակցում է վերոնշյալ նախագծի իրականացմանը՝ դրանում ամրագրված սկզբունքների հիման վրա:      

  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում