ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի կարծում, թե Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են այս պահին քննարկել անկլավների հարցը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միրզոյանն այս մասին ասաց 2024թ ամփոփիչ ասուլիսում՝ անդրադառնալով լրագրողի հարցին:
«Հայաստանի Հանրապետությունն ունեցել է անկլավներ Ադրբեջանում: Եղել են ադրբեջանական անկլավներ Հայաստանի տարածքում: Սրանք քաղաքական իրողություններ են: Բայց գոյություն ունի նաև հարցի իրավական կողմը: Կարծում եմ՝ հանձնաժողովներին (Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով հանձնաժողովներ) պետք է ժամանակ տանք նաև այս հարցով զբաղվելու: Չեմ կարծում, թե երկու երկրները պատրաստ են այս պահին այդ հարցը քննարկելու»,–ասաց Միրզոյանը՝ այս հարցը թողնելով հանձնաժողովներին:
Նախարարի խոսքով՝ մեթոդը և աշխարհագրորեն տեղը, որտեղից երկուստեք ընկալում կա շարունակել սահմանազատման աշխատանքները, մի փոքր այլ են և պակաս ռիսկային:
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով հանձնաժողովների հաջորդ հանդիպումը նախատեսվում է հունվար ամսին: