«Նոր գիրք»-1/25. Շանթ, Յոնևս, Շահնազարյան, Մեց

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2024 թվականի վերջին և 2025 թվականի սկզբում հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն 

Լևոն Շանթ, «Երազ օրեր: «Կինը»

Գրքում ընդգրկված են Լևոն Շանթի (1869-1951) լավագույն գործերից երկուսը՝ «Երազ օրեր» և «Կինը» վիպակները: 1892-ին գրված «Երազ օրեր» վիպակը, որ շարադրված է իբրև օրագրություն, սիրո պատմություն է, որի գաղափարական ատաղձը, սակայն, օտար միջավայրում դաստիարակված հայ մարդու դարձն է իր ակունքներ: 1912-ին լույս տեսած «Կինը» վիպակն, ըստ էության, Շանթի՝ կանացիության ըմբռնումների խտացումն է, որտեղ գրողն արտահայտում է հավերժական գեղեցիկի իր իդեալը:Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Թարգմանական գրականություն 

Յանիս Յոնևս, «Ելգավա 94»

Այս կիսակենսագրական վեպը 1990-ականներին Լատվիայի Ելգավա քաղաքում ապրող սերնդի մասին է, որը փնտրում է իր ինքնությունը և ապրում է այլընտրանքային մշակույթի հորձանուտում։ Վեպը սկսվում է 1994 թվականի ապրիլի 5-ին՝ Nirvana-ի մենակատար և կիթառահար Կուրտ Քոբեյնի մահով: Քոբեյնի մահն ազդում է երիտասարդների վրա: Ելգավայում սկսում են լսել ծանր մետալ: Սա նաև այն ժամանակն է, երբ Լատվիան, տնտեսական և սոցիալական ցնցումների միջով անցնելով, վերականգնում էր իր անկախությունը: Գրքի գլխավոր հերոս Յանիսը որոշում է այդ տեկտոնական ժամանակներում ապրել այլընտրանքային ապրելակերպով ու լսել մետալիկա։ Լատվիական Generation X-ի համար շոկային ու անսովոր էր հետխորհրդային այս ազատությունը: Այս գիրքը դեռահասության, հասարակության ու համակարգի դեմ բողոքի և հուսահատեցնող ձանձրույթի մասին է: Այս վեպը նաև հետխորհրդային երիտասարդության վրա ծանր ռոքի ու գրանժի թողած ազդեցության մասին է: Թարգմանիչ` Նաիրա Խաչատրյան: Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

Մանկապատանեկան գրականություն

Լուսինե Շահնազարյան, «Ճապիճուկներ»

Տաթևն ու Արամը մի օր պատահաբար հայտնաբերում են, որ տան ծխատար խողովակը իրենց տեղափոխում է բոլորովին նոր աշխարհ՝ ճապիճուկների երկիրը: Այս անսովոր երկրում ժամանակի բոլորովին այլ օրենքներ են գործում «Ժամիժուկ»ի օգնությամբ: Ճապիճուկների երկիր ուղևորությունը երեխաներին օգնում Է հասկանալ, որ ժամանակը միագիծ չէ, իսկ նրա անցողիկության հետ հաշտվելը հնարավոր է միայն հիշողությունների ու երևակայության միջոցով:

«Ճապիճուկներ»-ը պատմություն է կյանքի անցումային պահերի մասին, երբ մենք դեռ փոքր ենք, բայց արդեն մի քիչ էլ ավելի մեծ...: Խմբագիր` Հասմիկ Հակոբյան։ Գիրքը լույս է ընծայել «Գրանիշ»-ը։

Փաստավավերագրական գրականություն 

Քեյդ Մեց, «Հանճար կերտողները» (Առաջամարտիկներ, որոնք արհեստական բանականությունը բերեցին Google, Facebook և ամբողջ աշխարհ)

«Այս գրքում արհեստական բանականությունը ներկայացվում է մարդկային տեսանկյունից, իսկ Մեցը պատմում է այս հեղափոխական տեխնոլոգիայի մասին՝ դարձնելով այն հասանելի և գրավիչ»:

Ուոլթեր Այզեքսոն, «Սթիվ Ջոբս» գրքի հեղինակ

New York Times-ի տեխնոլոգիական թղթակից Քեյդ Մեցը, օգտվելով Սիլիկոնյան հովտի առաջատարների հետ իր անմիջական շփումներից, վերհանում է այս հիսնամյա հեղափոխության բացառիկ պատմությունը։ Նա բարձրացնում է հարցեր, որոնք վճռորոշ կլինեն գալիք կեսդարյա ժամանակահատվածում․ ի՞նչ ուղղությամբ է զարգանալու արհեստական բանականությունը։ Արդյո՞ք մոտ է մարդկային մակարդակի բանականությամբ համակարգերի ստեղծումը։ Եվ եթե այո, ապա ինչպիսի՞ն կլինի մեր տեղը այդ նոր աշխարհում։

Արհեստական բանականությունը երկար ժամանակ համարվում էր հեռավոր ապագայի երազանք և մնում էր գիտական շրջանակների եզրամասերում։ Սակայն երկու հետազոտող փոխեցին ամեն ինչ։ Նրանցից մեկը 64-ամյա համակարգչային գիտության պրոֆեսոր էր, ով ողնաշարի լուրջ խնդիրների պատճառով նույնիսկ չէր կարող մեքենա վարել կամ ճամփորդել։ Մյուսը՝ 36-ամյա նյարդաբան և շախմատի վարպետ։ Թեև նրանք շարժվում էին տարբեր ուղիներով, բայց և այնպես միասին նրանք արհեստական բանականությունը դարձրին մեր առօրյա կյանքի անբաժան մասը և ստեղծեցին միլիարդներ արժեցող արդյունաբերություն։Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը։

 

Հայերեն

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը