ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության նախագահ Անդրանիկ Գրիգորյանն «Արմենպրես»-ի հետ տարեվերջյան ամփոփիչ հարցազրույցում ընգծել է, որ միությունը շարունակելու է բարձրացնել Լեռնային Ղարաբաղի հայության ձայնը միջազգային հարթակներում՝ նպատակ ունենալով պաշտպանել արցախահայության ոտնահարված իրավունքներն ու վերականգնել նրանց անվտանգ և արժանապատիվ կյանքի հնարավորությունը։ Անդրանիկ Գրիգորյանը ներկայացրել է միության կատարած աշխատանքները և առաջիկա ծրագրերը։
-Պարոն Գրիգորյան, աշխարհաքաղաքական այս տարվա իրադարձությունների ֆոնին փախստականության խնդիրը շարունակում է մնալ համաշխարհային օրակարգի առանցքում։ Միջազգային հանրության արձագանքի շրջանակում ուշադրություն է սևեռվել նաև բռնի տեղահանման և էթնիկ զտումների ենթարկված արցախահայերի իրավունքներին։ Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրադրությունը, և ըստ ձեզ, ի՞նչ մոտեցումներ կարող են լինել արդյունավետ այս մարտահրավերներին դիմագրավելու համար։
-Ցավոք, անցյալ տարվա վերջին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտումները և այս տարվա աշխարհաքաղաքական զարգացումները ևս մեկ անգամ ընդգծեցին փախստականների և բռնի տեղահանված անձանց հիմնահարցի գլոբալ կարևորությունը։ Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումները ոչ միայն խախտել են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այլև խորացրել են հումանիտար ճգնաժամը։ Այո՛, ողջ տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի հայության հանդեպ իրականացված էթնիկ զտումները, արցախահայերիս ոտնահարված իրավունքների վերականգնման կոչերը, ինչպես նաև Ադրբեջանի հասցեին հնչեցված մեղադրանքները լայն արձագանք գտան միջազգային հանրության և մի շարք հեղինակավոր կազմակերպությունների հայտարարություններում, ինչպես նաև ընդունվեցին մի շարք բանաձևեր, տրամադրվեց մարդասիրական օժանդակություն։ Սակայն անհրաժեշտ է նշել, որ հռչակագրային բնույթ ունեցող միջազգային հանրության կողմից բազմիցս հնչեցրած և ոչ մի հայտարարություն չի հանդիսացել հիմք Լեռնային Ղարաբաղի հայության ոտնահարված իրավունքների վերականգնման համար։ Այս առումով ակնհայտ է, որ միջազգային հանրությունն ու կազմակերպությունները պետք է դիմեն գործնական կուռ քայլերի՝ ցուցաբերելով հետևողական, համակարգված մոտեցում և ստեղծելով միջազգային այնպիսի մեխանիզմներ, որոնց իրացումը հնարավորություն կընձեռի ապահովել արցախահայերիս անվտանգ և արժանապատիվ վերադարձն ու խաղաղ կեցությունը մեր հազարամյա հայրենիքում: Սակայն կարևոր է նշել նաև, որ ակնկալվող արդյունքին հասնելու համար միջազգային հանրությունը և պատկան կառույցները պետք է գործուն և խիստ կերպով պատասխանատվության ենթարկեն Ադրբեջանին միջազգային իրավունքի մի շարք նորմերի և սկզբունքների կոպիտ խախտման համար։ Միայն այս դեպքում հնարավոր կլինի կանխել նույնօրինակ դեպքերի կրկնությունն ու վերականգնել մեր անօտարելի իրավունքը։
-Արդեն նշեցինք, որ այս տարի մենք ականատես եղանք աշխարհաքաղաքական նշանակալի փոփոխությունների և տարածաշրջանային լարվածությունների, այդ ամենը հանգեցրեց նոր փախստականական հոսքերի ողջ աշխարհում։ Մենք լսեցինք նաև Ադրբեջանի քաղաքական վերնախավի կողմից արված մի շարք հայտարարություններ Լեռնային Ղարաբաղի հայության վերադարձի խնդրի վերաբերյալ։ Կցանկանայինք հասկանալ՝ այս իրադարձությունների համատեքստում, արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության նպատակներն ու խնդիրները պահպանել են իրենց նախորդ դիրքորոշումը, և ի՞նչ հիմնական հայեցակարգով ու սկզբունքներով է պայմանավորվում ձեր գործունեությունը։
- Ցավով պետք է արձանագրել, որ աշխարհաքաղաքական զարգացումների հորձանուտում կրկին առաջացան նոր փախստական խմբեր, որոնք բախվեցին լրջագույն մարտահրավերների։ Ինչպես կարելի էր սպասել, այդ խնդիրներն այսօր էլ մնում են առանց պատշաճ լուծման։ Այս խնդիրների շարքում առավելագույնը կարևորվում է փախստականների վերադարձի իրավունքը, որը մինչ օրս մնում է չլուծված՝ չնայած այն հանգամանքին, որ միջազգային մի շարք հիմնարար փաստաթղթեր ընդգծում են դրա հրամայականը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի քաղաքական վերնախավի կողմից արված հայտարարություններին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հայության վերադարձի և, մասնավորապես, արցախահայության նկատմամբ հնչեցվող մեղադրանքների հետ, թե իբրև մենք մերժել ենք Ադրբեջանի կողմից առաջարկվող ինտեգրացիան, հարկ եմ համարում կրկին ընդգծել, որ Ադրբեջանի այս քաղաքականությունը նպատակ ունի միջազգային հանրության առջև ձևավորել հանդուրժողականության և խաղաղասիրության կեղծ կերպար։ Շատ ուրախալի է, որ միջազգային հանրությունը հստակորեն գիտակցում է այս «խաղի» իրական էությունը, սակայն ցավալի է, որ այդ գիտակցումը չի ուղեկցվում համապատասխան պատժիչ մեխանիզմներով, ինչը, իր հերթին, խթանում է նոր հանցագործությունների առաջացումը։
Այնուամենայնիվ, իմ խոսքում նշել եմ, որ կան դրական նշաններ և ողջունելի է, որ միջազգային հանրության և հեղինակավոր կառույցների լայն աջակցության ավելացումը հուսադրում է։ Մենք ականատես ենք լինում, թե ինչպես է քաղաքակիրթ աշխարհը ավելի ակտիվորեն միանում մեր արդար պահանջներին՝ ապահովելով խնդրի ավելի մեծ ուշադրություն և միջազգային հարթակում հնչեղություն։
Ինչ վերաբերում է մեր նպատակներին և խնդիրներին, ապա նշեմ, որ դրանք շարունակում են մնալ որպես մեր գործունեության հիմքում ընկած առաջնահերթություններ։ Մենք բազմիցս ընդգծել ենք մեր հանձնառությունը՝ հետևողականորեն պաշտպանելու մեր առջև դրված նպատակներն ու խնդիրները։ Մասնավորապես, մեր կարևորագույն ուղղություններից մեկն է մնում միջազգային իրավաքաղաքական գնահատականի ձևավորումը Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականության նկատմամբ, ինչպես նաև այդ երկրի միջազգային իրավական և քաղաքական պատասխանատվության ենթարկումն ու հատուցման պահանջի առաջադրումը։ Մեզ համար առանցքային խնդիր է նաև Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների կոպիտ խախտումների բացահայտումը, դրանց հանրայնացումը և դրանց հիման վրա միջազգային իրավական գործընթացներին նպաստելը։ Մեր կենսական նպատակներից առաջնայինը, որ եղել է և մնում է անփոփոխ, արցախահայության ոտնահարված իրավունքների վերականգնումն է և մեր անբեկանելի՝ վերադարձի իրավունքի իրացման ուղղությամբ աշխատելը։ Մենք հաստատակամորեն կշարունակենք այս աշխատանքները այնքան ժամանակ, մինչև միջազգայնորեն չսահմանվեն վերադարձի այնպիսի մեխանիզմներ, որոնք կապահովեն արցախահայերիս անվտանգ և արժանապատիվ վերադարձը մեր պատմական հայրենիք։ Մեր գործունեության առանցքում արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանությունն է, որը հանդիսանում է միջազգային իրավունքի անբաժանելի և գերակա արժեք։ Մեր հայեցակարգը խարսխված է հումանիտար իրավունքների և միջազգային իրավունքի նորմերի վրա, ինչպիսիք են 1951 թ. Փախստականների մասին կոնվենցիան, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և մի շարք այլ առանցքային փաստաթղթեր։ Մենք խորապես հավատացած ենք, որ անվտանգության, արդարության և արժանապատիվ կյանքի երաշխավորումը պետք է լինի յուրաքանչյուր մարդու անքակտելի իրավունքը, և պետությունները և միջազգային կազմակերպությունները պարտավոր են այդ արժեքները պահպանել և կիրառել։
-Պարոն Գրիգորյան, Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը ձևավորվել է այս տարի, սակայն կարճ ժամանակում կարողացել է ձեռնարկել ակտիվ և նշանակալի գործողություններ։ Կցանկանայինք առավել մանրամասն ներկայացնեիք Ձեր միության կողմից իրականացրած նախաձեռնությունները և աշխատանքները ողջ տարվա ընթացքում։
-ԼՂ փախստականների իրավապաշտպան միությունը այս տարի ակտիվ աշխատանքներ է իրականացրել ինչպես միջազգային հարթակներում, այնպես էլ ներհայաստանյան միջավայրում։ Միջազգային հարթակներում մենք աշխատել ենք Լեռնային Ղարաբաղի փախստականների ոտնահարված իրավունքների և մեր առջև ծառացած մարտահրավերների մասին գլոբալ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ, որի շրջանակներում մասնակցություն ենք ցուցաբերել միջազգային կառույցերի կողմից կազմակերպված մի շարք կարևորագույն միջոցառումների։ Հանդիսանալով ԼՂ փախստականների իրավապաշտպան միության նախագահ՝ մասնակցել եմ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՄԻՀԳ) կողմից կազմակերպված Մարդկային հարթության Մեդիագրագիտության և Ժողովրդավարության թեմայով II միջոցառմանը և Մարդկային հարթության IV կոնֆերանսին։ Նշեմ, որ Մարդկային հարթության IV կոնֆերանսի շրջանակներում միությունը նախաձեռնել ենք «Հայերի էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում․ անվտանգ և արժանապատիվ վերադրձի իրավունք» խորագրով հարակից միջոցառում (side event), որի ընթացքում միջազգային հանրությանն եմ ներկայացրել Ադրբեջանի վարած հայատյաց և ագրեսիվ քաղաքականությունը, ինչի խոսուն վկայությունն են հանդիսանում Ադրբեջանի կողմից իրականացրած Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտումներն ու բռնի տեղահանումներն ու արցախահայերիս հիմնարար իրավունքների խախտումները։ Հատկանշական է, որ ԼՂ փախստականների իրավապաշտպան միությունը այս տարի հրատարակել է “The right of Armenian refugees: historical and legal dimensions of the Nagorno-Karabakh conflict” թեմայով զեկույց։ Այս տարի մասնակցել եմ նաև Նյու Նորքում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) տնտեսական և սոցիալական խորհրդի հումանիտար հատվածի նստաշրջանին՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հայության պահանջները։ Հայաստանում ևս իրականացրել ենք ակտիվ գործունեություն, մասնավորապես ԼՂ փախստականների իրավապաշտպան միությունը հանդիպումներ է իրականացրել ՀՀ-ում ապաստանած Լեռնային Ղարաբաղի բնակչության հետ, որի շրջանակներում լսել ենք արցախահայերին հուզող հարցերը, փնտրել և առաջարկել համատեղ լուծումներ, ինչպես նաև ստեղծել միասնական հարթակ՝ արցախահայության միջև կապերի ամրապնդման համար։ Միությունը ակտիվորեն մասնակցել է նաև մի շարք միջազգային միջոցառումների և գիտաժողովների:
Հայ փախստականների խնդիրների առնչությամբ նամակով դիմել ենք ՄԱԿ, UNESCO, ISESCO, ինչպես նաև Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին։ Հատկանշական է, որ ԼՂ փախստականների իրավապաշտպան միության ՄԱԿ-ին ուղղված Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի և էթնիկ զտումների առաջին տարելիցի վերաբերյալ նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ։
Միությունը ակտիվ գործունեություն է իրականացրել նաև սոցիալական հարթակներում՝ պարբերաբար հանդես գալով կոչերով և հայտարարություններով, նպատակ ունենալով միջազգային հանրության ուշադրությունը սևեռել Լեռնային Ղարաբաղի փախստականների առջև ծառացած խնդիրների և ոտնահարված իրավունքների վերականգնման վրա, շեշտադրելով արցախահայերիս իրավունքների վերականգնմանն ուղղված անհապաղ և գործուն քայլերի անհրաժեշտությունը։
-Ինչպե՞ս եք գնահատում Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության կատարած աշխատանքներն ու արձանագրած արդյունքները և ի՞նչ գործունեություն եք նախատեսում իրականացնել հաջորդ տարի։
- Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության այս տարում իրականացրած աշխատանքները կարող եմ գնահատել արդյունավետ։ Հաջորդ տարի ևս հանդիսանալով Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանության հանձնառու ԼՂ փախստականների իրավապաշտպան միությունը շարունակելու է բարձրացնել Լեռնային Ղարաբաղի հայության ձայնը միջազգային հարթակներում, միջազգային հանրությանը ներկայացնել արցախահայերիս արդարացի պահանջները և պայքարել մեր ոտնահարված իրավունքների վերականգնման ուղղությամբ։