Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը նոր շենք ունի, 2025-ին նախատեսում է ներկայանալ հագեցած ծրագրով

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի համար 2024 թվականը եղել է նշանակալի ու իրադարձություններով հարուստ։ Կենտրոնում գործող Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլի, Հայաստանի պարի պետական անսամբլի, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի, Հայաստանի «Ակունք» ազգագրական համույթի համար անցնող տարին բավական հագեցած էր։ Այն աչքի ընկավ բազմաթիվ համերգային ծրագրերով, շրջագայություններով։ Վերջին 2 տարվա ընթացքում անցկացվել է 200-ից ավելի համերգ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը հայտնեց, որ կառավարության որոշմամբ Երևանի կենտրոնում իրենց նոր շենք է հատկացվել։ 

«Առանց շենքային բավարար պայմանների ստեղծագործական խմբերի համար որոշակի դժվարություններ կային։ Վերջապես Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը ունեցավ սեփական տարածք, որտեղ արդեն մոտ ապագայում հայկական մշակույթը ներկայացնող արտիստներն ու երաժիշտները հնարավորություն կունենան իրենց սեփական տարածքում աշխատել և ստեղծագործել»,-ասաց Արմեն Սարգսյանը։ 

Տարվա ընթացքում կատարած աշխատանքներից Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Լուսինե Մելքոնյանն առանձնացրեց միջազգային շրջագայությունները։ 

«Նախորդ 2 տարին հագեցած է եղել անսամբլների գործունեությունը միջազգայնացնելու առումով: Ստեղծագործական խմբերը եղել են Հունաստանում, Սաուդիան Արաբիայում, Ֆրանսիայում, Թուրքմենստանում, Վրաստանում։ Առիթը եղել են ինչպես հյուրախաղերը, այնպես էլ միջազգային փառատոններին մասնակցությունը։ Նույն ակտիվությունը շարունակվելու է նաև հաջորդ տարի»,-ասաց Լուսինե Մելքոնյանը։ 

Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի համար տարին նշանավորվեց նաև Կոմիտասի ստեղծագործությունների հանրահռչկամնանն ուղղված աշխատանքներով։ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Սամսոն Մելիքյանը տեղեկացրեց, որ հանդիսատեսին ներկայացվել են Կոմիտասի այնպիսի ստեղծագործություններ, որոնք մինչ այժմ չեն հնչել։ 

««Ակունք» ազգագրական համույթն Արթուր Շահնազարյանի գլխավորությամբ ներկայացրել է «Չլսված Կոմիտաս» համերգային ծրագրիրը, որի ընթացքում հնչել են Կոմիտասի՝ հասարակությանը ոչ հայտնի կամ մինչ այժմ չհնչած ստեղծագործությունները։ Նոր գործիքավորումներով փորձեցինք ներկայացնել Կոմիտասի ստեղծագործությունները, որոնք բավական սիրվեցին մեր հասարակության կողմից»,- ասաց Սամսոն Մելիքյանը։ 

«Ակունք» ազգագրական համույթի ստեղծագործական խմբի ղեկավար, կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը նշեց, որ Կոմիտասի ստեղծագործությունների հանրահռչակումը հաջորդ տարի շարունակվելու է լայն թափով։ 

«Որքան էլ զարմանալի է, բայց Կոմիտասից պահպանվել է 1000-ից ավելի երգ, բայց դրանից 250-ն է կատարվել։ Այսինքն՝ ունենք հսկայական ծավալի երգեր, որոնք երբևէ չեն հնչել։ Եվ ահա այդ երգերն առանձնացվում են, կատարում ենք ու ներկայացնում մեր հասարակությանը։ Ասեմ, որ մեզ մոտ մշակույթը կենտրոնացած է մայրաքաղաքում, և այլ մարզերում գտնվող բնակիչներից շատերը չեն առնչվում այդ իրադարձությունների հետ։ Այս տարի մենք շեշտը դրեցինք մարզային համերգների վրա։ Տարբեր քաղաքներում, գյուղերում բավական լավ համերգային ծրագրեր ունեցանք, Երևանից դուրս հանեցինք ազգային մշակույթը»,-ասաց Արթուր Շահնազարյանը։ 

2025 թվականին ևս բազմաթիվ համերգային ծրագրեր, հոբելյանական երեկոներ են սպասվում՝ նվիրված կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի 95-ամյակին, ժողովրդական երգչուհի Օֆելյա Համբարձումյանի 100-ամյակին, դուդուկահար, ՀՀ ժողովրդական արտիստ Գևորգ Դաբաղյանի 60-ամյակին, Հայաստանի ազգային նվագարանների հիմնադրման 20-ամյակին, բանահավաք, ազգագրագետ Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին, պարարվեստի նվիրյալ Հովհաննես Խաչիկյանի 75-ամյակին։ 

Կենտրոնը Երևանում և այլ մարզերում պատրաստվում է իրականացնել պարարվեստի միջազգային օրվան նվիրված Պարի միջազգային փառատոն։ Համերգներ կլինեն նաև Գյումրիում, Վանաձորում, Աշտարակում, Էջմիածնում, Մեծամորում և այլ քաղաքներում։ 

 

Հայերեն

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը

Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս

Պետական սիմֆոնիկ նվագախմբին կտրամադրվեն նոր հնարավորություններ ձեռնարկատիրական գործունեության ոլորտում

Գյումրեցի ջութակահարն անցել է Մոսկվայի Պետական Կոնսերվատորիայի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա բացառիկ համերգային ծրագրով

Կառավարությունը դատավորների էթիկայի և կարգապահական հանձնաժողովի բարեփոխումների նախագիծ է ներկայացրել

Պաղեստինը հայտնում է 24 ժամվա ընթացքում ավելի քան 20 պաղեստինցու մահվան մասին

Սերբիայի նախագահն ու Հունգարիայի վարչապետը կքննարկեն էներգետիկ անվտանգությանն ու ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր