ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով 2023-2024 թթ Հայաստանին է փոխանցվել 7 անշարժ և մեկ շարժական գույք՝ ընդհանուր 4 մլրդ 100 մլն դրամ արժեքով, իսկ դրամական միջոցների տեսքով վերականգնվել է 584 մլն դրամ, կան դեռևս օրինական ուժի մեջ չմտած բռնագանձման վճիռներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստում ասաց գլխավոր դատախազ Աննա Վրադապետյանը:
«Դատախազության երկու բացառիկ լիազորությունների՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում պետությանը 2023-2024 թթ ընթացքում վերադարձված գույքերի շուկայական արժեքի և դրամական միջոցների հանրագումարը մոտ 30 մլն դոլար է: Մասնավորապես պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում 2023-2024թթ ընթացքում 8 գույքի նկատմամբ գրանցվել է ՀՀ կամ համայնքի սեփականության իրավունքը»,-ասաց Վարդապետյանը:
Գույքերն են Երևանում Աբովյան 3 հասցեում գտնվող ԱՕԿՍ-ի շենքը, Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրի 1-ին և 2-րդ հարկերից շուրջ 240 քմ մակերեսով տարածքները: Արդեն վերադարձված Ծաղկաձոր համայնքի մոտ 24 993 քմ հանգստի համար նախատեսված և հատուկ պահպանվող տարածք է ամրացվել Պետական գույքի կառավարման կոմիտեին: 20 041 քմ հանգստի համար նախատեսված հատուկ պահպանվող տարածք է վերադարձվել ՀՀ-ին և ամրացվել Պետական գույքի կառավարման կոմիտեին: Այդ շարքը համալրում է նաև Արարատի մարզի Արմաշ գյուղում գտնվող «Երասխ 2» զորամասի տարածքը, Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող ընդհանուր 1 հա մակերեսով՝ Աղավնու աղբյուր թաղամաս 27 և 28 հասցեների 2 հողամասը, Կոտայքի մարզի Նաիրի (Քասախ) համայնքի Չարենցի 4-րդ փողոցի 13 հասցեում գտնվող 0.08 հա մակերեսով հողատարածքը։
«Իսկ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում ունեցել ենք հաշտության համաձայնություններ: Եվ 2023-2024թթ հաստատված դատական ակտերով ՀՀ սեփականությանն է փոխանցվել 7 անշարժ և մեկ շարժական գույք՝ ընդհանուր 4 մլրդ 100 մլն դրամ արժեքով: Դրամական միջոցների տեսքով վերականգնվել է 584 մլն դրամ»,-ասաց դատախազը:
Վերականգնված գույքերն են Ծարավ Աղբյուրի փողոց 143/16՝ 0.057 հա մակերեսով, Ծովակալ Իսակովի 23՝ 0.05 հա մակերեսով, Ծովակալ Իսակովի 25/2՝ 34.76 քմ մակերեսով հասարակական տարածք և 2.2 հա մակերեսով հողամաս, նույն փողոցում 25/4 հասցեում գտնվող 237.9 քմ մակերեսով հասարակական տարածք և 0.17 հա մակերեսով հողամաս, նույն փողոցի 25/3 հասցեում գտնվող 25.6 քմ մակերեսով տարածք և բնակավայրերի նշանակության 1.5 հա մակերեսով հողամաս, Վաղարշյան փողոցի 1-ին շենք՝ ավտոտնակ 3, 1 տրանսպորտային միջոց և 1 մեկ գույք՝ Աճառյան 39/6 հասցեում գտնվող անշարժ գույքը: Վերջինս կառավարության դեկտեմբերի 27-ի նիստում ընդգարկված էր որպես օտարման ենթակա գույք:
Դատախազը հիշեցրեց, որ այդ գույքը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում վերադարձվել էր ՀՀ-ին, կողմի առաջարկով կնքվել էր հաշտության համաձայնություն, ամրացրել էին Պետական գույքի կառավարման կոմիտեին 2024թ ապիրիլի 12-ի որոշմամբ, դեկտեմբերի 27-ին կառավարությունը հաստատեց մեկնարկային գին՝ 2 մլրդ 229 մլն դրամ:
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում ունենք վճիռներ, որոնք դեռևս օրինական ուժի մեջ չեն մտել: Այդ 4 վճռով կբռնագանձենք 5 անշարժ և 2 շարժական գույք ու 2 իրավաբանական անձանցում մասնակցություն: Ընդհանուր՝ շուրջ 1 մլրդ 123 մլն դրամ շուկայական արժեքով, ինչպես նաև առանձին շուրջ 1 մլրդ 880 մլն դրամ»,-ասաց Վարդապետյանը՝ հավելելով, որ դա ժամանակի հարց է: