Տնտեսություն

Պետություն-քաղաքացիական հասարակություն երկխոսություն ՊԵԿ-ում. քննարկվել են ոլորտի օրենսդրական փոփոխություններն ու գործող կարգավորումները

3 րոպեի ընթերցում

Պետություն-քաղաքացիական հասարակություն երկխոսություն ՊԵԿ-ում. քննարկվել են ոլորտի օրենսդրական փոփոխություններն ու գործող կարգավորումները

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել են ոլորտի օրենսդրական փոփոխություններին և գործող կարգավորումներին վերաբերող մի շարք հարցեր:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ օրերս տեղի ունեցած նիստին մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված հասարակական ու այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

ՊԵԿ նախագահը, շնորհակալություն հայտնելով մասնակիցներին, կարևորել է այս ձևաչափով քննարկումները՝ հարկային և մաքսային ոլորտներում արդյունավետ գործիքակազմերի ներդրման ու գործարար համայնքի համար բարենպաստ պայմանների ստեղծման տեսանկյունից։

Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի ներդրման գործընթացին՝ ընդգծելով նոր համակարգի հնարավորությունները։ Մասնավորապես, նշվել է, որ համակարգն ապրանքների ճշգրիտ հաշվառման և արդյունավետ կառավարման հնարավորություն է տալիս, ինչը կարևոր է ոչ միայն հարկային մարմնի, այլև՝ կազմակերպությունների և սպառողների համար։ Քննարկվել են համակարգի տեխնիկական ու կիրառական խնդիրների վերաբերյալ գործարար միջավայրի մտահոգությունները, ինչպես նաև տնտեսվարողների կողմից բարձրացված մի շարք հարցերին տեղում տրվել են պարզաբանումներ։ Նիստին ներկա ազգային օպերատորի (E-Mark) ներկայացուցչի խոսքով՝ տեխնիկական բնույթի հարցերը գույքագրվում և լուծվում են 24/7 ռեժիմով՝ ապահովելով համակարգի անխափան աշխատանքն, իսկ տնտեսվարողների շրջանում պարբերաբար կազմակերպվում են ուսուցողական վեբինարներ՝ իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով:  

Նիստում անդրադարձ է եղել նաև ոչ ռեզիդենտ շահութահարկի հաշվարկի ձևի և դրա լրացման կարգում փոփոխություններին, որոնց վերաբերյալ խորհրդի անդամները հանդես են եկել կառուցողական առաջարկներով և դիտարկումներով:

Ամփոփելով նիստը` ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է, որ խորհրդի անդամների կողմից ներկայացված բոլոր առաջարկներն ու մտահոգություններն առավել խորքային կուսումնասիրվեն և կքննարկվեն արդյունավետ լուծումները։

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում