Տուրիզմ

Զբոսաշրջության կոմիտեն 2025-ին ակտիվ քայլեր է նախատեսում Հայաստանը զբոսաշրջիկների համար ավելի գրավիչ վայր դարձնելու համար

3 րոպեի ընթերցում

Զբոսաշրջության կոմիտեն 2025-ին ակտիվ քայլեր է նախատեսում Հայաստանը զբոսաշրջիկների համար ավելի գրավիչ վայր դարձնելու համար

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն 2025 թվականին  ակտիվ քայլեր է նախատեսում Հայաստանը  զբոսաշրջիկների համար ավելի գրավիչ վայր դարձնելու ուղղությամբ: 

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում խոսել է 2025 թվականի անելիքներից և նշել, որ հաջորդ տարի ակտիվ աշխատելու են Իրանի, և եվրոպական երկրների ուղղությամբ։ 

«Պետք է փաստենք, որ 2023 թվականի համեմատ 2024-ին Հայաստանը մի փոքր քիչ թվով զբոսաշրջիկների է ընդունել, ինչը պայմանավորված է և՛ գեոպոլիտիկ, և՛ ներքաղաքական մի շարք գործոններով: Մեծ աշխատանք ունենք անելու  ռուս զբոսաշրջիկների ուղղությամբ, ինչպես նաև մեր հարևան Իրանի ուղղությամբ: Պետք է այս ուղղությամբ աշխատանքներ տանենք հասկանալու համար, թե ի՞նչ լրացուցիչ գրավչություններ պետք է առաջարկենք, որպեսզի իրանցի զբոսաշրջիկները ավելի շատ գան Հայաստան»,- նշեց նա:

Լուսինե Գևորգյանն ընդգծեց՝ Հայաստանն ունի  զբոսաշրջային մեծ ներուժ արկածային, գյուղական և էկոտուրիզմի առումով,  որոնք՝ ըստ վիճակագրական տվյալների, եվրոպացի զբոսաշրջիկների նախընտրելի զբոսաշրջային ուղղություններն են:

«Եթե  կարողանանք հայկական այդ պրոդուկտները ճիշտ փաթեթավորել և ճիշտ ներկայացնել,  կկարողանանք  ներգրավել եվրոպացի զբոսաշրջիկներին՝ հաշվի առնելով նաև  դեպի Եվրոպա և հակառակ ուղղությամբ  ուղիղ չվերթների առկայությունը: 

Այս ուղղությամբ մյուս տարի նախատեսում ենք նաև մի քանի կարևոր միջազգային ցուցահանդեսների մասնակցել, որտեղ նախատեսում ենք ունենալ գինու և ազգային ուտեստների հյուրասիրության օրեր, ինչպես  նաև տարազների ցուցադրման և երգի ու պարի օրեր: Կարծում եմ՝ այն տաղավարները, որտեղ աշխուժություն է տիրում, այնտեղ ավելի շատ մարդիկ են հավաքվում, ինչի արդյունքում բարձրանում է տվյալ երկրի շուրջ հետաքրքրությունը»,- նշեց Լուսինե Գևորգյանը:

Ըստ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի՝ մինչև 2024 թվականի ավարտը Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կհատի 2 միլիոնի սահմանը, ինչը նախորդ տարվա համեմատ մի փոքր քիչ է, քանի որ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ  Հայաստան էր այցելել 2,3 միլիոն զբոսաշրջիկ:

«Եթե համեմատենք 2019 թվականի հետ, որը Հայաստանի համար տնտեսական և զբոսաշրջային առումով ակտիվության կողմնորոշիչ էր, ապա 2019 թվականի համեմատ այս պահի դրությամբ մենք ունենք 15 տոկոս աճ»,- ասաց կոմիտեի նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում