Աշխարհ

Ֆրանսիական Մայոտ արշիպելագում ցիկլոնի զոհերի թիվը կարող է հասնել հարյուրների, նույնիսկ՝ հազարների

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիական Մայոտ արշիպելագում ցիկլոնի զոհերի թիվը կարող է հասնել հարյուրների, նույնիսկ՝ հազարների

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիական անդրծովյան Մայոտ արշիպելագում հզոր ցիկլոնի հետևանքով հարյուրավոր, հնարավոր է նաև՝ հազարավոր մարդիկ մահացած լինեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ֆրանսիացի պաշտոնյաներից մեկին։

«Շիդո»-ն համարվում է վերջին մեկ դարի ընթացքում Հնդկական օվկիանոսում գտնվող Մայոտին պատուհասած ամենահզոր ցիկլոնը։ Այն մեծ ավերածություններ է արել, քշել-տարել հարյուրավոր տներ։ 

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ այս փուլում դժվար է որոշել զոհերի թիվը։ 

«Զոհերի թվի առումով դժվար է լինելու, քանի որ Մայոտը մուսուլմանական տարածք է, որտեղ մահացածներին հողին են հանձնում 24 ժամվա ընթացքում», - հայտնել է Ֆրանսիայի ՆԳՆ պաշտոնյաներից մեկը։

Ցիկլոնը դեկտեմբերի 15-ին Մայոտից շարժվել է Մոզամբիկ՝ բերելով անձրևներ և ուժգին քամիներ, վնասելով էլեկտրալարերը և հեռահաղորդակցության ենթակառուցվածքը։

Ֆրանսիան Մայոտը գաղութացրել է 1843 թվականին, իսկ Կոմորոսը՝ 1904 թվականին։ 1974 թվականի հանրաքվեի ժամանակ Կոմորյան կղզիների 95%-ը կողմ քվեարկեց Ֆրանսիայից բաժանմանը, սակայն Մայոտի 63%-ը քվեարկեց Ֆրանսիայի կազմում մնալու օգտին։ Կոմորյան կղզիներից Գրանդ Կոմորը, Անժուանն ու Մոհելին անկախություն են հռչակել 1975 թվականին: Մայոտը դեռևս կառավարվում է Փարիզից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում