ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երկու օր Երևանում կքննարկվեն հարցեր և խնդիրներ, որոնք կօգնեն հաշվի առնել ցեղասպանական ռիսկերը և ավելի ուժեղացնել հետագա զանգվածային ոճրագործությունները կանխելու մեխանիզմները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի ընթացքում այդ կարծիքը հայտնեց Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Մելանի Օ՛Բրայենը։
«Իմ գիրքը, որը կոչվում է «Խտրականությունից մինչև մահ», վերաբերում է ՄԱԿ-ի կողմից հաստատված Մարդու իրավունքների պաշտպանությանը և ցեղասպանությունների կանխարգելմանը։ Այն ներկայացնում է ցեղասպանությունը որպես մարդկության դեմ գործված հանցագործություն, որը պետք է ճանաչվի, դատապարտվի և կանխվի միջազգային մեխանիզմներով։ Պետք է հետևողականորեն վերահսկվի Մարդու իրավունքների պաշտպանության գործընթացն ամբողջ աշխարհում։ Շատ կարևոր է նաև դատավորների աշխատանքը, ովքեր վճիռներ են կայացնում կատարված ոճրագործությունների և մեղավորների ձերբակալման վերաբերյալ։ Միջազգային արդարադատություն իրականացնող դատարանները պետք է հետևեն գործընթաներին, որովհետև խոսքն առանձին վերցրած մեկ ցեղասպանության մասին չէ, որը տեղի է ունենում մեկ վայրում, այլ նաև զանգվածային ոճրագործությունների մասին է, որոնք տեղի են ունենում տևական ժամանակ»,-ասաց Օ՛Բրայենը։
Նրա կարծիքով՝ շատերը կենտրոնանում են զանգվածային սպանությունների վրա, սակայն «ցեղասպանություն» եզրույթը, որի սահմանումը տրված է համապատասխան կոնվենցիայում, ներառում է ոչ միայն սպանությունները, այլև այն հանցագործությունները, որոնք առնչվում են մարդկանց նսեմացմանն ու զրկանքներին, որոնք կարող են հանգեցնել զանգվածային սպանությունների։
«Դատական ատյանները, հատկապես Արդարադատության միջազգային դատարանը կարող են կայացնել որոշումներ, որոնք կկանխեն հետագա զանգվածային ոճրագործություսններն ու ցեղասպանությունների շարունակականությունն ու ընդլայնումը։ Առկա են օրինակներ, երբ մարդկության դեմ ուղղված մերօրյա հանցագործությունները կարող էին ժամանակին կանխվել, ինչը, սակայն չի արվել։ Նման գործընթացների ականատեսն ենք Սուդանում, Միանմայում, Պաղեստինում։ Եթե մեղավորները ձերբակալվեին ու ենթարկվեին պատասխանատվության, գուցե մյուսներն իրենց ոճիրներն իրականացնելուց առաջ լավ կխորհեին այդ մասին։ Անպատժելիությունը հանգեցրել է նրան, որ այսօր իրականացվում են նոր ցեղասպանություններ»,- ասաց Օ՛Բրայենը։
Նրա դիտարկմամբ՝ բոլոր միջազգային դատական ատյանները պետք է ջանքեր գործադրեն և իրենց գործիքակազմը կիրառելով՝ պատասխանատվության ենթարկեն ցեղասպանական գործողություններ իրականացրած անձանց։ Նա հիշեցրեց, որ որոշ երկրների ղեկավարների նկատմամբ արդեն կայացվել են ձերբակալման վճիռներ, սակայն այդ գործընթացում միջազգային արդարադատությունը բախվում է որոշակի խնդիրների։
«Եթե Արդարադատության միջազգային դատարանը կոչված է կանխարգելելու զանգվածային ոճրագործությունները, ապա հանցագործները պետք է պարտադիր ներառվեն դրանց համար պատասխանատվության ենթարկվող անձանց ցուցակում։ Վերը նշեցի կոնկրետ երեք օրինակներ, երբ ներկայումս տեղի են ունենում իրական ցեղասպանական գործողություններ։ Պատժի հետևողական կիրառումը կարող է լինել արդյունավետ կանխարգելիչ գործիք, իսկ դրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք»,-նշեց Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահը։
Օ՛Բրայենի կարծիքով՝ այն երկրները, որոնք ստորագրել են Հռոմի ստատուտը, պետք է անվերապահորեն կատարեն դրա բոլոր դրույթները և իրենց տարածքներում ձերբակալեն ու միջազգային արդարադատությանը հանձնեն պատերազմական հանցագործներին և ցեղասպանական գործողություններ իրականացրած ոճրագործներին, և դրանով իսկ կատարեն Միջազգային քրեական դատարանի շրջանակում իրենց ստանձնած պարտավորությունները։ Որպես օրինակ Օ՛Բրայենը վկայակոչեց Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և այդ երկրի պաշտպանության նախկին նախարարի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ կայացված վճիռները, սակայն ափսոսանքով նշեց, որ որոշ երկրներ հայտարարել են նրանց չձերբակալելու մասին, եթե նրանք այցելեն այդ երկրներ, ինչը վկայում է ստանձնած պարտավորությունները չկատարելու մասին։
«Այն երկրները, որոնք ստորագրել են համաձայնագրեր ու կոնվենցիաներ, դրանով իսկ համաձայնվել են միջազգային արդարադատության մաս կազմել ու հետևել միջազգային կանոնակարգերին։ Ճնշման ընդհանուր գործիքակազմի բացակայությունը հանգեցնում է նոր ոճրագործությունների։ Ցավոք որոշ երկրներ չեն հետևել Ցեղասպանության մասին կոնվենցիայի դրույթներին, և նրանք միջազգային հանրության կողմից չեն արժանացել որևէ պարտադրանքի։ Բոլոր երկրները, որոնք մաս են կազմում միջազգային դատական համակարգի, պետք է ճնշում գործադրեն այն պետությունների վրա, որտեղ իրականացվում են զանգվածային ոճրագործություններ՝ ստիպելով, որ այդ պետությունները հետևեն իրենց կողմից ստանձնած պարտավորություններին։ Ցեղասպանությունների պարագայում հավասարապես մեղավոր են և՛ իրականացնողները, և՛ դրանց վրա աչք փակողները։ Համոզված եմ, որ բոլորս միասին կարող ենք ստեղծել դատական համակարգ և ուժեղ մեխանիզմներ, որոնք կկանխեն ցեղասպանությունները»,-եզրափակեց Օ՛Բրայենը։