Միքայել Վարդանյանի 120 մլն դրամ ֆինանսավորմամբ Տավուշի 4 գյուղ՝ գազ և 3 գյուղ՝ ջուր կունենա
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի 3 գյուղ՝ Կիրանցը, Աճարկուտն ու Բերքաբերն ամբողջությամբ գազիֆիկացվել են: Աշխատանքներն իրականացվել են սուբվենցիոն ծրագրի արդյունքում:
Համայնքի ներդրման մասնաբաժինը՝ ընդհանուր բյուջեի 35 տոկոսը, որը կազմում է մոտ 82 մլն դրամ, տրամադրել է բարերար Միքայել Վարդանյանը, իսկ Բարեկամավանում ծրագիրն ամբողջությամբ իրականացվել է Միքայել Վարդանյանի ֆինանսավորմամբ՝ հատկացվել է մոտ 18 մլն դրամ:
Գազիֆիկացման արդյունքում մարզի նշված 4 բնակավայրերում կլուծվի միանգամից մի քանի խնդիր․ բնակիչների սոցիալական և կենցաղային վիճակը կբարելավվի, անտառահատումների քանակը կնվազի:
Բարերարը ևս 20 մլն դրամ տրամադրել է Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր, Արծվաբերդ, Նորաշեն բնակավայրերի խմելու ջրի արտաքին ցանցի կապիտալ նորոգմանն աջակցելու նպատակով:
Երկու ծրագրի իրականացման համար Միքայել Վարդանյանն ընդհանուր տրամադրել է 120 մլն դրամ:
Ի դեպ, բարերարի ֆինանսական աջակցության շնորհիվ 2006 թվականից մինչև օրս Տավուշի մարզում գազով ապահովվել է 28, իսկ խմելու ջրով՝ 42 գյուղական համայնք: