Քաղաքականություն

Կանադան իր աջակցությունն է հայտնում խաղաղությանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերին․ Փաշինյանն ընդունել է Ստեֆան Դիոնին

2 րոպեի ընթերցում

Կանադան իր աջակցությունն է հայտնում խաղաղությանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերին․ Փաշինյանն ընդունել է Ստեֆան Դիոնին

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միությունում, Եվրոպայում և Հայաստանում Կանադայի վարչապետի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Ստեֆան Դիոնի այցը Հայաստան և ընդգծել վերջինիս դերը Հայաստան-Կանադա հարաբերությունների հետևողական զարգացման գործում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարբեր ոլորտներում Կանադայի հետ կապերի ընդլայնումը և այդ երկրի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման գործում: 

Վարչապետը շեշտել է, որ պետական կառավարման համակարգում բարեփոխումները, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը, դատաիրավական բնագավառում ռեֆորմների իրականացումը ՀՀ կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն:

Ստեֆան Դիոնը նշել է, որ Կանադան ողջունում է մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ամրապնդման և այլ ուղղություններով բարեփոխումների իրականացման գործում ՀՀ Կառավարության քայլերը ու պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանին: Կանադայի վարչապետի հատուկ բանագնացի խոսքով՝ ՀՀ-ում դեսպանության բացումը կնպաստի նաև երկկողմ համագործակցության զարգացմանը տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի բնագավառներում:

Զրուցակիցները քննարկել են տարբեր ուղղություններով համատեղ նախագծերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ: Վարչապետ Փաշինյանն այս համատեքստում անդրադարձել է տարբեր հարցերի շուրջ հայկական կողմի դիրքորոշումներին: Ստեֆան Դիոնը շեշտել է, որ Կանադան իր աջակցությունն է հայտնում խաղաղությանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում