Հայաստան

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել Սպիտակ քաղաքի շինարարական հրապարակներում

2 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել Սպիտակ քաղաքի շինարարական հրապարակներում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել Լոռու մարզում կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերի շինարարական հրապարակներում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քաղաքաշինության կոմիտեից հայտջնում են, որ Սպիտակ քաղաքում Վարդանյանը դիտարկել է բնակելի նոր շենքի կառուցման ծրագրի ընթացքը։ Վթարային փայտյա հանրակացարանային 2 շենքի փոխարեն կառուցվում է 4 մասնաշենքից բաղկացած բազմաբնակարան շենք՝ 36 բնակարանով։ 

Ներկայում կատարվում են մուտքի դռների տեղադրման, ներքին և արտաքին պատերի հարդարման աշխատանքները՝ տուֆով, բազալտով և ֆիբրոցեմենտով։ Իրականացվում են նաև բարեկարգման՝ մայթերի եզրաքարերի և խաղահրապարակի կառուցման աշխատանքները։ 

Շինարարական կազմակերպության ներկայացուցիչների հետ կոմիտեի ղեկավարը քննարկել է ժամանակացույցի վերաբերյալ հարցեր։ Նշվել է եղանակային բարենպաստ պայմաններում որոշ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։

Սպիտակում կառուցվում է նաև «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ։ Ծրագիրն ավարտական փուլում է։ Ընթանում են ներքին հարդարման, ջեռուցման մարտկոցների տեղադրման և արտաքին բարեկարգման վերջին աշխատանքները։

Մսուր-մանկապարտեզն ունենալու է խաղահրապարակ՝ արհեստական խոտածածկով, արևային ֆոտովոլտային կայան, ոռոգման ցանց, ապաստարան՝ հագեցած օդափոխության ժամանակակից համակարգով և դիզել-գեներատորով:

Շրջայցի ընթացքում կոմիտեի նախագահը ծրագրերում ընդգրկված կազմակերպություններին հորդորել է խստորեն պահպանել սահմանված ժամանակացույցը և հետևողական լինել աշխատանքները բարձր որակով ու պատասխանատվությամբ կատարելու հարցում՝ ընդգծելով, որ ընդունվելու է միայն որակյալ արդյունքը

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում