Մշակույթ

ԱՄՆ-ի աջակցությամբ կվերականգնվի և կհանրայնացվի Մատենադարանում պահվող Լեռնային Ղարաբաղում ստեղծված գրավոր ժառանգությունը

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի աջակցությամբ կվերականգնվի և կհանրայնացվի Մատենադարանում պահվող Լեռնային Ղարաբաղում ստեղծված գրավոր ժառանգությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տրվեց Մատենադարանում պահվող` Լեռնային Ղարաբաղում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնմանն ու հանրայնացմանն ուղղված ծրագրի մեկնարկը։ Այն իրականացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը ծրագրի իրագործման նպատակով Մատենադարանին է հատկացրել 74 հազար դոլար:

 Ծրագրի շրջանակում ընտրվել են Գանձասարում, Դադիվանքում, Գնդեվանքում, Խադավանքում, Գտչավանքում և հայկական այլ միջնադարյան վանքերում 13-18-րդ դարերում գրված և նկարազարդված այնպիսի ձեռագրեր, եզակի արխիվային վավերագրեր, որոնք լույս են սփռում հայկական հարուստ մշակութային ժառանգության և պատմական անցքերի վրա: 

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ դեսպանին նման կարևոր ծրագրի իրականացմանն աջակցելու համար:

«Հազարամյակով կուտակած հոգևոր փորձի մի ամբողջ նյութական վկայություն, քրիստոնեական ավանդույթի անզուգական մի շերտ գոյաբանական սպառնալիքների թիրախում է: Եվ այս իրողությունը ստիպում է է՛լ ավելի զգոն լինել պատմական տարբեր իրադարձություններից փրկված ու մեզ հասած ժառանգության հանդեպ: Իսկ այս ծրագրի արդյունքում վերականգնվելու են պատմական Արցախ-Ուտիքում դարեր շարունակ գրչագրված ու պահպանված ձեռագրերն և հնագույն արխիվային վավերագրերը: Ուզում ենք հավաստիացնել, որ ծագումով հայկական այս ժառանգությունը, այդուհանդերձ, համաշխարհային մշակույթի մաս է և համաքրիստոնեական նշանակության արժեք: Մատենադարանում պահպանվող այս հավաքածուն ներկայացնում է գրավոր մշակույթի առավել լայն համատեքստ, քան զուտ Լեռնային Ղարաբաղի ձեռագրական ժառանգությունն է»,- ասաց Խզմալյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց՝ Լեռնային Ղարաբաղի ձեռագրական ժառանգությունն իր ուրույն տեղն ունի հայկական մշակութային ժառանգության մեջ: 

«Իր ինքնատիպ ձեռագիրն ունեցող և հարուստ ավանդույթներով այս ժառանգությունը դեռևս ինչպես հարկն է չի հանրահռչակվել և ներկայացել աշխարհին: Թեև անվանի հայ և որոշ օտարերկրյա հեղինակներ անդրադարձել են այդ դպրոցի գրչությանն ու մանրանկարչությանը, սակայն, այս աշխատությունները լույս են տեսել հայերենով և միայն որոշ առանձին ձեռագրերի ուսումնասիրություններն են հազվադեպ հրատարակվել այլ լեզուներով»,-ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ընդգծեց՝ հիացած է Մատենադարանի կողմից իրականացվող ահռելի աշխատանքով և միշտ սիրով է այցելում:

«Ինձ համար այսօր առանձնահատուկ կարևոր է ներկա գտնվել և ազդարարել այս ծրագրի մեկնարկը, որի ներքո աշխատանքներ են իրականացվելու Լեռնային Ղարաբաղի ձեռագիր մատյանների պահպանության ուղղությամբ: Մշակութային ժառառանգությունը և արժեքները, որ առկա են Լեռնային Ղարաբաղում պետք է միանշանակ պահպանվեն»,- նշեց Քրիստինա Քվինը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում