Պեկինը հերքել է կորոնավիրուսի ծագման մասին ԱՄՆ Կոնգրեսի զեկույցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանի արտգործնախարարությունը հերքել է ԱՄՆ Կոնգրեսի զեկույցը չինական լաբորատորիայից կորոնավիրուսի արտահոսքի մասին և հայտարարել, որ Վաշինգտոնը պետք է համաշխարհային հանրությանը պատմի ամբողջ աշխարհում գործող ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանին։

«Միացյալ Նահանգները պետք է արագ արձագանքի միջազգային հանրության ողջամիտ մտահոգություններին, ակտիվորեն կիսի տվյալներ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ երկրում ենթադրյալ հիվանդությունների դեպքերի մասին, բացահայտ խոսի Ֆորտ Դետրիկի և ամբողջ աշխարհում իր կենսաբանական լաբորատորիաների մասին», - ասել է Լին Ցզյանը:

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև կոչ է արել Միացյալ Նահանգներին չքաղաքականացնել կորոնավիրուսի ծագման հարցը և այլևս այլ երկրներին չարատավորել։ Լին Ցզյանը հիշեցրել է, որ Ուհան այցելելուց հետո ԱՀԿ-ի փորձագետները «չափազանց անհավանական» են որակել կորոնավիրուսի լաբորատոր ծագման տեսությունը:

Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը դաշնային և նահանգային մակարդակներում կորոնավիրուսի համավարակին արձագանքելու միջոցառումների մասին զեկույց էր ներկայացրել, որում նշվում էր, որ կորոնավիրուսն, «ամենայն հավանականությամբ, առաջացել է Չինաստանի Ուհանի լաբորատորիայում»։ 

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ Կոնգրեսում հայտարարել են, որ COVID-19 առաջացել է Ուհանի լաբորատորիայում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Չինաստանի համատեղ զեկույցում, որը հրապարակվել է 2021 թվականի մարտին Ուհանում միջազգային առաքելությունից հետո, նշվում է, որ COVID-19-ի առաջացման ամենահավանական սցենարը հիվանդության փոխանցումն է չղջիկներից մեկ այլ կենդանու, որը հետագայում վարակել է մարդկանց։ Այնուամենայնիվ, փորձագետները վերջնական եզրակացության չեն եկել այն հարցի շուրջ, թե կոնկրետ ինչպես է վիրուսը հասել Ուհանի ծովամթերքի շուկա: 

Հայերեն Русский 中文

ԱԳՄԱ նախարարը պատրաստակամություն է հայտնել ընդդիմության հետ ԹՐԻՓՓ-ի շուրջ քննարկումներ անցկացնել բաց և փակ ձևաչափերով

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու միջազգային հարցեր

ԱԺ-ում առաջարկվում է ընտանեկան բռնության համար խստացնել պատիժները և վերացնել նախազգուշացումը

Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Գյումրիում շարունակվում են փողոցների միջին նորոգման աշխատանքները

Իրանը չի փորձել վերանորոգել ԱՄՆ-ի հարվածների հետևանքով վնասված միջուկային օբյեկտները. Գրոսի

Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտությունը կավարտվի այն ժամանակ, երբ ինքը ցանկանա

Թրամփը հայտարարել է Պուտինի և Զելենսկու հետ առաջիկա հնարավոր հանդիպման մասին

Մենք ցանկանում ենք աջակցել Հայաստանին բնության վերականգնման գործում. Գերմանիայի շրջակա միջավայրի նախարարի հարցազրույցը

Բոլսոնարուն Բրազիլի ընտրություններում պարտությունից հետո փախել է ԱՄՆ. ԶԼՄ-ներ