Միացյալ Նահանգներ

Պեկինը հերքել է կորոնավիրուսի ծագման մասին ԱՄՆ Կոնգրեսի զեկույցը

2 րոպեի ընթերցում

Պեկինը հերքել է կորոնավիրուսի ծագման մասին ԱՄՆ Կոնգրեսի զեկույցը

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանի արտգործնախարարությունը հերքել է ԱՄՆ Կոնգրեսի զեկույցը չինական լաբորատորիայից կորոնավիրուսի արտահոսքի մասին և հայտարարել, որ Վաշինգտոնը պետք է համաշխարհային հանրությանը պատմի ամբողջ աշխարհում գործող ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանին։

«Միացյալ Նահանգները պետք է արագ արձագանքի միջազգային հանրության ողջամիտ մտահոգություններին, ակտիվորեն կիսի տվյալներ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ երկրում ենթադրյալ հիվանդությունների դեպքերի մասին, բացահայտ խոսի Ֆորտ Դետրիկի և ամբողջ աշխարհում իր կենսաբանական լաբորատորիաների մասին», - ասել է Լին Ցզյանը:

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև կոչ է արել Միացյալ Նահանգներին չքաղաքականացնել կորոնավիրուսի ծագման հարցը և այլևս այլ երկրներին չարատավորել։ Լին Ցզյանը հիշեցրել է, որ Ուհան այցելելուց հետո ԱՀԿ-ի փորձագետները «չափազանց անհավանական» են որակել կորոնավիրուսի լաբորատոր ծագման տեսությունը:

Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը դաշնային և նահանգային մակարդակներում կորոնավիրուսի համավարակին արձագանքելու միջոցառումների մասին զեկույց էր ներկայացրել, որում նշվում էր, որ կորոնավիրուսն, «ամենայն հավանականությամբ, առաջացել է Չինաստանի Ուհանի լաբորատորիայում»։ 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Չինաստանի համատեղ զեկույցում, որը հրապարակվել է 2021 թվականի մարտին Ուհանում միջազգային առաքելությունից հետո, նշվում է, որ COVID-19-ի առաջացման ամենահավանական սցենարը հիվանդության փոխանցումն է չղջիկներից մեկ այլ կենդանու, որը հետագայում վարակել է մարդկանց։ Այնուամենայնիվ, փորձագետները վերջնական եզրակացության չեն եկել այն հարցի շուրջ, թե կոնկրետ ինչպես է վիրուսը հասել Ուհանի ծովամթերքի շուկա: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում