Մերձավոր Արևելք

Հակակառավարական ուժերը գրավել են Հալեպի առնվազն կեսը

4 րոպեի ընթերցում

Հակակառավարական ուժերը գրավել են Հալեպի առնվազն կեսը

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական «Հայաթ Թահրիր աշ-Շամ» սուննի արմատական խմբավորման զինյալներն ու նրանց դաշնակիցներն արագ հարձակման ընթացքում գրավել են Հալեպ քաղաքի տարածքի առնվազն կեսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խորհուրդը: 

Նրա ղեկավար Աբդել Ռահմանի խոսքով՝ Սիրիայի կառավարական զորքերը քաղաքը լքել են գրեթե առանց դիմադրության: 

Դրա հետ մեկտեղ AP գործակալությունը հաղորդել է, որ նախօրեին երեկոյան Հալեպի արևմտյան ծայրամասերում կատաղի մարտեր են ընթացել: 

«Անադոլու» գործակալության տվյալներով՝ ընդդիմադիր ուժերի զորքերը Հալեպի կենտրոն են մտել արևմուտքից: 10 հազար քաղաքացիներ փախել են Հալեպից հարավ գտնվող Իդլիբ նահանգ։ 

«Sky News Arabia» հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրին, գրում է, որ զինյալները շարունակում են հարձակումը հարավային, արևմտյան և հյուսիսային ճակատներում, նրանք մտել են Ար Ռաշիդդին շրջան, գրավել գիտահետազոտական կենտրոնը Հալեպի արևմուտքում, ինչպես նաև ներկա են քաղաքի հարավային մատույցներում:

Մի շարք տելեգրամյան ալիքներ հայտնում են, որ նոյեմբերի 29-ի երեկոյան Հալեպը գրեթե ամբողջությամբ անցել է «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման և նրա դաշնակիցների վերահսկողության տակ, գրոհայիններն արդեն քաղաքի կենտրոնում են, տոնում են հաղթանակը: 

Սիրիայի կառավարական աղբյուրներն իրենց հերթին հայտնում են, որ կառավարական բանակը վերականգնել է վերահսկողությունը Հալեպի և Իդլիբ նահանգների որոշ դիրքերի նկատմամբ, որոնք ավելի վաղ գրավել էին զինյալների խմբավորումները: Պաշտոնական տվյալներով ՝ խմբավորումները կրել են ծանր կորուստներ, զոհվել են հարյուրավոր մարտիկներ, ոչնչացվել են տասնյակ տրանսպորտային միջոցներ և զրահատեխնիկա, խոցվել է 17 դրոն:

Իդլիբ նահանգի հարավում սիրիական բանակի հարվածի տակ են հայտնվել էր-Ռուվեյս, Խան-էս-Սաբիլ և Մաարդաբսա բնակավայրերում զինյալների տեղակայման վայրերը, հայտնում է «Ալ-Վաթան» թերթը: Ռուսական և սիրիական ավիացիաները գրոհում են հակառակորդի դիրքերը Իդլիբի հարավում գտնվող Ջեբել Էզ Զավիա լեռնային տեղանքում և Հալեպից հյուսիս գտնվող Մարեյա քաղաքում:
Սիրիական «Հայաթ Թահրիր աշ-Շամ» սուննի արմատական խմբավորման զինյալները հարձակոմը սկսել են նոյեմբերի 27-ին։ Այն խոշորագույնն է դարձել 2020 թվականից ի վեր, երբ կողմերը պայմանավորվել են դադարեցնել կրակը Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ: «AP» գործակալությունը նշում է, որ հարձակումը սկսվել է այն ժամանակ, երբ իրանամետ խմբավորումները, այդ թվում՝ «Հեզբոլլահը», որոնք նախկինում կռվում էին Սիրիայի կառավարության կողմում, զբաղված են Իսրայելի հետ պատերազմով: Այլ աղբյուրների համաձայն՝ «Հեզբոլլահը» Իսրայելի հետ պատերազմի հետևանքով զգալիորեն թուլացել է և գրեթե չունի ռեսուրսներ Սիրիայի կառավարական ուժերին օգնելու համար։

Գործակալությունը գրում է, որ կառավարական զորքերի կողմից զինյալներին զգալի դիմադրության նշաններ չեն եղել, իսկ Սիրիայում ԱՄՆ նախկին դեսպան Ռոբերտ Ֆորդը կարծիք է հայտնել, որ սիրիական բանակը որոշ տեղերում «գրեթե ջախջախվել է»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում