Տնտեսություն

Հայաստանն ու Արգենտինան նախատեսում են ակտիվացնել համագործակցությունը սննդամթերքի անվտանգության ոլորտում

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Արգենտինան նախատեսում են ակտիվացնել համագործակցությունը սննդամթերքի անվտանգության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպանության հյուպատոս և կոմերցիոն բաժնի ղեկավար Նիկոլաս Պասամանին։ Հանդիպումը կազմակերպվել է արգենտինական կողմի նախաձեռնությամբ և կրում էր ճանաչողական բնույթ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, քննարկվել են Արգենտինայից Հայաստան մսամթերքի, կաթնամթերքի և կենդանական ծագման այլ մթերքների, ինչպես նաև Հայաստան-Արգենտինա որոշակի ապրանքատեսակների արտահանման-ներմուծման վերաբերյալ համագործակցության հնարավորությունները՝ հաշվի առնելով նաև Արգենտինայում հայկական մեծաքանակ համայնքի առկայությունը:

Տեսչական մարմնի ղեկավարը հյուրերին ներկայացրել է Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ անդամ երկրի, անասնաբուժական ենթահսկման բեռների ներմուծման պահանջները, կարգը, սահմանափակումները, երրորդ երկրների ռեեստրներում կազմակերպությունների գրանցման ընթացակարգերը:

Ըստ աղբյուրի՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել իրար փոխանցել վերոնշյալ գործընթացները կարգավորող իրավական ակտերը։

Արգենտինայի դեսպանության հյուպատոսը հույս է հայտնել, որ առաջիկայում երկու երկրների համագործակցությունը սննդամթերքի անվտանգության ոլորտում առավել կակտիվանա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում