Մերձավոր Արևելք

Իսրայելը հայտնել է «Հեզբոլլահ»-ի հետ հրադադարի խախտման մասին

2 րոպեի ընթերցում

Իսրայելը հայտնել է «Հեզբոլլահ»-ի հետ հրադադարի խախտման մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելը հայտարարել է, որ «Հեզբոլլահ»-ի հետ հրադադարը խախտվել է։ Իսրայելի հայտարարությունից ժամեր առաջ Լիբանանի անվտանգության ուժերը հայտարարել էին, որ իսրայելական տանկերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող վեց շրջանի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Նոյեմբերի 27-ին ուժի մեջ է մտել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ»-ի միջև ձեռք բերված հրադադարը, որը պետք է թույլ տա երկու երկրների սահմանամերձ շրջանների բնակչությանը վերադառնալ իրենց տներ գրեթե 14 ամիս շարունակվող ռազմական գործողություններից հետո։ 

Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ հրադադարը խախտվել է, երբ որոշ «կասկածյալներ», մի քանիսը՝ մեքենաներով, հասել են Լիբանանի հարավային մի շարք շրջաններ։ 

«Հեզբոլլահ»-ի օրենսդիր Հասան Ֆադլալլահն Իսրայելին մեղադրել է Լիբանանի հարավային գյուղեր վերադարձող բնակիչների վրա հարձակվելու մեջ։ Ավելի վաղ Իսրայելի բանակը սահմանամերձ շրջանների բնակիչներին հորդորել էր չվերադառնալ՝ սեփական անվտանգության նկատառումներով։

Ըստ Լիբանանի պետական լրատվամիջոցների և անվտանգության ուժերում աղբյուրների՝ նոյեմբերի 28-ի առավոտյան իսրայելական տանկը հարվածել է Մարքաբա, Վազանի, Քֆարչուբա, Խիյամ, Թայբե բնակավայրերին և Մարջայունի շուրջ գտնվող գյուղատնտեսական հարթավայրերին։ Մարքաբայում երկու մարդ է վիրավորվել։ Այս բոլոր շրջանները գտնվում են Լիբանանի և Իսրայելի սահմանը սահմանազատող «Կապույտ գծից» 2 կմ հեռավորության վրա։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում