Քաղաքականություն

Մշակութային արժեքների յուրացումը շարունակում է լուրջ մտահոգության տեղիք տալ և առանձնահատուկ կարևորություն է ներկայացնում Հայաստանի համար. ԱԳ փոխնախարար

3 րոպեի ընթերցում

Մշակութային արժեքների յուրացումը շարունակում է լուրջ մտահոգության տեղիք տալ և առանձնահատուկ կարևորություն է ներկայացնում Հայաստանի համար. ԱԳ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը նոյեմբերի 26-ին մասնակցել է Պորտուգալիայում անցկացվող ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորումին, որի շրջանակում ելույթով հանդես է եկել Դաշինքի բարեկամների խմբի հանդիպմանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, իր խոսքում Վահան Կոստանյանը երախտագիտություն է հայտնել հյուրընկալ երկրին՝ Պորտուգալիային, և ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի քարտուղարությանը ֆորումի կազմակերպման և օրակարգում արդի թեմաների ընդգրկման համար:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի ակտիվ ներգրավվածության պատրաստակամությունը՝ ատելության խոսքին, ռասայական և էթնիկ խտրականության ու այլատյացության հակազդմանն ուղղված համատեղ ջանքերին։

 «Կանխարգելման օրակարգը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում: Հայաստանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևի հեղինակն է: Այս տարվա դեկտեմբերի 12-13-ը Հայաստանում հինգերորդ անգամ կանցկացվի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Գլոբալ ֆորումը, որի առանցքում է ցեղասպանության և այլ ոճրագործությունների վտանգի վաղ նախազգուշացման և վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյունավետության ամրապնդումը։

Մշակութային ժառանգության վրա հարձակումները, ինչպես նաև մշակութային արժեքների ոչնչացումն ու յուրացումը, որոնց մենք ականատես ենք լինում բազմաթիվ տարածաշրջաններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, շարունակում են լուրջ մտահոգության տեղիք տալ և առանձնահատուկ կարևորություն են ներկայացնում Հայաստանի համար»,- իր խոսքում նշել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը:

Անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը՝ նախարարի տեղակալը նշել է, որ չնայած առկա բոլոր խոչընդոտներին՝ Հայաստանը դրական է տրամադրված հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի առումով և վերջիններիս կողմից փոխադարձ կառուցողական քայլեր է ակնկալում: 

Հանդիպման արդյունքներով ընդունվել է Քաշքայշի հռչակագիրը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում