Հայաստան

Հայաստանում կհաստատվեն առողջապահական օբյեկտների նախագծման նոր շինարարական նորմերը

2 րոպեի ընթերցում

Հայաստանում կհաստատվեն առողջապահական օբյեկտների նախագծման նոր շինարարական նորմերը

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում կհաստատվեն առողջապահական օբյեկտների, ներառյալ առաջնային բուժօգնության շենքերի և շինությունների նախագծման նոր շինարարական նորմերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը հրապարակվել է «e-draft» իրավական ակտերի կայքում, որը մշակվել է Քաղաքաշինության կոմիտեի կողմից։

Նախագծի հիմնական նպատակը առողջապահական օբյեկտների շինարարության ոլորտում միջազգային և գիտահենք լավագույն փորձի հիման վրա արդիական նորմերի ներդրումն է։ Նախաձեռնությունը կլրացնի ներկայումս գործող ՀՀՇՆ 31-03-2020 «Հասարակական շենքեր և շինություններ» նորմերում առկա բացերը, որոնք չեն արտացոլում ոլորտի արդի պահանջներն ու չափանիշները։

Նախագծված նորմերն ապահովելու են ավելի բարձրակարգ և անվտանգ պայմաններ՝ առողջապահական օբյեկտների համար, ինչը կարևորվում է ինչպես նոր շենքերի կառուցման, այնպես էլ վերակառուցման աշխատանքների համար։ Նախատեսվում է, որ նոր նորմերը կնպաստեն առողջապահական ոլորտի շինությունների համապատասխանեցմանը միջազգային պահանջներին՝ միաժամանակ չառաջացնելով լրացուցիչ ֆինանսական բեռ պետական բյուջեի վրա։

Նախագծի մշակումը հիմնված է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի դրույթների վրա, ինչը նախատեսում է տեխնիկական կանոնակարգերի և շինարարական նորմերի մշակում, հաստատում և արդիականացում։

Նոր նորմերի կիրառումը ոչ միայն կբարելավի առողջապահական ոլորտի շինությունների որակը, այլև կնպաստի քաղաքաշինական գործընթացների ամբողջականացմանը՝ հիմք դառնալով ոլորտի հետագա զարգացման համար։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում