ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի և Լիբանանի սահմանին հրադադարի ուժի մեջ մտնելուց առաջ՝ նոյեմբերի 27-ի կեսգիշերից հետո, Իսրայելն առաջին անգամ հարվածներ է հասցրել Սիրիայի հետ Լիբանանի հյուսիսային երեք սահմանային անցակետերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Reuters գործակալությանը հայտնել է Լիբանանի տրանսպորտի նախարար Ալի Համիեն։
Պաշտոնյան ասել է, որ անմիջապես պարզ չի եղել՝ արդյոք հարվածների հետևանքով ճանապարհները փակվել են. վերջին շաբաթներին Սիրիայի հետ Լիբանանի արևելյան անցակետերին Իսրայելի հարվածների հետևանքով ճանապարհներն արգելափակվել էին։
Սիրիայի պետական լրատվական SANA գործակալությունը հաղորդում է, որ գիշերը Հոմսի նահանգում անցակետերի վրա իրականացված իսրայելական հարվածներից զոհվել է 6 մարդ, այդ թվում՝ 4 քաղաքացիական անձ և 2 զինվոր։ 12 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երեխաներ, կանայք և Սիրիայի Կարմիր մահիկի աշխատակիցներ։ Սիրիայի Կարմիր մահիկ կազմակերպությունը դատապարտել է հարձակումը և հայտարարել, որ Լիբանանի հետ սահմանային անցակետերից հեռացրել է իր աշխատակիցներին՝ նրանց անվտանգությունն ապահովելու համար։
Վաղ առավոտյան ուժի մեջ է մտել Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը։