Մարզեր

ՀՀ ՄԻՊ-ը Մարտունիի համայնքապետարանում հանդիպել է բնակիչների, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ը Մարտունիի համայնքապետարանում հանդիպել է բնակիչների, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզ իրականացրած աշխատանքային այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 26-ին Մարտունու համայնքապետարանում հանդիպել է համայնքի բնակիչների հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է մոտ 50 անձ, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք: Նրանք ներկայացրել են իրենց իրավունքներին վերաբերելի մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությանը, հասարակական տրանսպորտի հասանելիությանը, մարդու իրավունքների տեսանկյունից դրա ստեղծած խնդիրներին, կրթության մատչելիությանը, նախակրթարանների, քոլեջների, երաժշտական դպրոցների աշխատակիցներին տրամադրվող սոցիալական աջակցությանը, այդ թվում` սոցիալական փաթեթի բացակայությանը, երիտասարդների զբաղվածությանը: Բռնի տեղահանված անձինք հիմնականում բարձրաձայնել են հարցեր իրենց փաստաթղթերի վերականգման, աջակցության ծրագրերի հետ կապված:

Բնակիչները նաև իրենց մտահոգությունն են հայտնել մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մարտունու նստավայրի փակման առնչությամբ, որի հետևանքով համայնքի բնակիչների համար ստեղծվել են լրացուցիչ դժվարություններ՝ այլ համայնքներ մեկնելու տեսանկյունից:

Անահիտ Մանասյանը վստահեցրել է, որ քննարկման շրջանակներում վերհանված խնդիրներն աշխատակազմում կուսումնասիրվեն և կհասցեագրվեն պետական իրավասու մարմիններին:

Հաղորդագրության մեջ շեշտվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի` հանրապետությունում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով իրականացվող մարզային այցերը կրում են շարունակական բնույթ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում