ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ պետական բյուջեի 2024 թվականի առաջին 9 ամիսների կատարման վերաբերյալ հաշվետվությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Ֆինանսների նախարարության կողմից ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում մակրոտնտեսական ընթացիկ զարգացումները, հիմնական արդյունքները: Անդրադարձ է կատարվել նաև տնտեսական ակտիվությանը նպաստող գործոններին, արտահանման և ներմուծման դինամիկային, աշխատանքի շուկայի զարգացումներին, պետական բյուջեի հարկային եկամուտներին:
Հաջորդիվ՝ քննարկվել են պետական բյուջեում կատարված վերաբաշխումներին, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացումներին և վերաբաշխումներին, առաջարկվող հարկաբյուջետային և վարչարարության միջոցառումներին, 2024թ. պետական բյուջեի արդյունավետ իրականացմանը վերաբերող հարցեր:
Ըստ աղբյուրի՝ նշված թեմաների շուրջ ծավալվել է քննարկում, մտքեր են փոխանակվել հետագա անելիքների շուրջ: