ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում նոյեմբերի 29-ին մեկնարկում է «Արմմոնո Plus» միջազգային թատերական փառատոնը։ Այն տևելու է մինչև դեկտեմբերի 4-ը՝ ներկայանալով հագեցած ծրագրով։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը նշեց, որ փառատոնի շրջանակում հանդիսատեսին է ներկայացվելու 15 մոնոներկայացում, որոնք հիմնականում առաջնախաղեր են։
«Տեղի թատերական գործիչներին միանալու են մեր գործընկերները Վրաստանից ու Ռուսաստանից։ Բավական լայն ընտրության հնարավորություն կա, համոզված եմ՝ շատերը, ծանոթանալով բեմադրությունների ցանկին, վստահաբար կգտնեն իրենց հարազատ ներկայացումներ։ Մենք ունենք դրամատուրգիական, դերասանական դեբյուտներ։ Ավելին ասեմ, փառատոնի համար աննախադեպ իրադարձություն է սպասվում։ Սոնա Խաչատրյանը ներկայացնելու է արհեստական բանականության կողմից գրված պիեսը»,-ասաց Մարիաննա Մխիթարյանը։
Փառատոնի բացումը տրվելու է Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ, որի բեմադրիչը ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանն է։
«Երբ բեմադրության համար վերընթերցեցինք էպոսը, մեկ անգամ ևս ընդգծվեցին այնպիսի մեսիջներ, որոնք մեր այսօրվա, մեր երեկվա մասին են, այն սխալների մասին, որոնք այսօր էլ թույլ ենք տալիս։ Ներկայացման հիմնական ուղերձն այն է, որ մեզ պետք են դավիթներ, մենք պետք է ամեն ջանք գործադրենք, որ հայ երիտասարդների մեջ չմեռնի Դավիթը, արմատախիլ արվի դավաճանությունը, նենգությունը, վախը, քծնանքը, այն ամենն, ինչը բերել է մեզ կորուստների ու պարտությունների։ Ասեմ, որ կերպարը դժվար տրվեց, բայց աշխատանքը բավական հետաքրքիր էր ու կարծում եմ՝ մենք հաջողել ենք»,-ասաց դերասան Արմեն Քուշկյանը:
Փառատոնին արտերկրից ներկա կգտնվեն մի շարք մոնոփառատոնների տնօրեններ։ «Արմմոնո Plus» փառատոնի հատուկ հյուրն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնոներկայացումների միջազգային ֆորումի համանախագահ Նինա Մազուրը (Գերմանիա)։
Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի հետ համագործակցության շրջանակում փառատոնը կներկայացնի երկու յուրահատուկ իրադարձություն. մոնոներկայացում և համերգ՝ նվիրված աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրին:
«Արմմոնո Plus» թատերական փառատոնի ներկայացումները կցուցադրվեն Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում, «Փոքր» թատրոնում, ՀԹԳՄ-ում, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում, Կամերային թատրոնում, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում: