Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները հաջորդ հանդիպմանը կորոշեն, թե որտեղից շարունակել սահմանազատումը. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները հաջորդ հանդիպմանը կորոշեն, թե որտեղից շարունակել սահմանազատումը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածում շարունակել սահմանազատումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Սահմանազատման հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածներում շարունակել սահմանազատումը: Հայաստանն իր մոտեցումն է ներկայացրել, Ադրբեջանը՝ իր: Հաջորդ հանդիպման ժամանակ կորոշվի, թե որ հատվածում սահմանազատումը շարունակենք»,-ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց՝ ներկայումս Ադրբեջանում տեղի է ունենում մեծ միջազգային համաժողով՝ COP29-ը, կառավարության անդամները կենտրոնացած են դրա վրա:

«Ենթադրում եմ, գոնե ըմբռնումն այն է, որ COP29-ի ամփոփումից հետո գործընթացները կշարունակվեն»,-նշեց ՀՀ վարչապետը:

Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 23-ին վավերացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողովների գործունեության կանոնակարգը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 25-ին հրամանագիր է ստորագրել, որով ևս հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը:

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատում իրականացվել է Տավուշի հատվածում:

Հանձնաժողովների վերջին հանդիպումը կայացել է նոյեմբերի 1-ին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում