Քաղաքականություն

Վարչապետը հայտարարեց, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

2 րոպեի ընթերցում

Վարչապետը հայտարարեց, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։

«Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են եղել, այդ թվում՝ խորհրդարանական լսումների ընթացքում։ Անթույլատրելի է այն, ինչ տեղի ունեցավ խորհրդարանում։ Մեր ինստիտուտների պահպանության առումով ճիշտ չէր լինի այս ամենն անարձագանք թողնել։ Այստեղ խնդիրը անձնավորված չէ, խնդիրը համակարգային է»,- նշեց Փաշինյանը։

Հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովում Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի և պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև տեղի էր ունեցել թեժ բանավեճ, որը հարուցել էր մեծ արձագանք։ Նույն նիստի ընթացքում պատգամավոր Նարեկ Զեյնալյանն ընդգծել էր, որ անընդունելի է պատգամավորների հետ ոչ հարգալից տոնով և շարժումներով խոսելը։

Վարչապետն իր խոսքում նշեց, որ այս միջադեպն էլ պատճառներից մեկն է, որն արտացոլում է համակարգային խնդիրները։ 

«Ինչպես Արգիշտի Քյարամյանին եմ դիմել խնդրանքով, նույն կերպ դիմել եմ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին»,- ասաց Փաշինյանը։

Լրագրողի այն հարցին, թե արդյոք Հովիկ Աղազարյանը մերժել է վարչապետի խնդրանքը, Փաշինյանը պատասխանեց. «Դե հիմա տեսնում եք, որ այն, ինչ քիչ առաջ ասում էի, տեսական պնդում չէ, նաև գործնական իրագործում կա։ Բայց ես հույս ունեմ, որ իմ խնդրանքը անարձագանք չի մնա»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում