ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը համաձայնել են մասնակցել Factor TV-ի կազմակերպած բանավեճին՝ Երևանի հանրային տրանսպորտի ոլորտում սպասվող փոփոխությունների թեմայով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Factor TV-ի լրագրող Ռոբերտ Անանյանը հայտարարել էր, որ առաջարկում է բանավեճ անցկացնել ուղիղ եթերով՝ քննարկելու մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի փոփոխությունները, տոմսային նոր համակարգի ներդրումը, սակագնային նոր մոդելը և Երևանի կառավարմանն առնչվող այլ կարևոր հարցեր։
Քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Factor TV-ի հրապարակմանը պատասխանել է, որ Տիգրան Ավինյանը պատրաստ է մասնակցել բանավեճին, սակայն առաջարկված ժամանակահատվածում նա պաշտոնական այցով ԱՄՆ-ում կլինի։ Կոստանյանն առաջարկել է բանավեճը տեղափոխել դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում՝ ապահովելով հավասար պայմաններ։
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ պատրաստ է մասնակցել բանավեճին՝ ընդգծելով, որ քննարկման առանցքում կլինի իշխանության առաջարկած տրանսպորտի թանկացման ծրագիրը։
«Քանի որ քաղաքապետարանից խնդրել են երկրից բացակայելու բերումով հետաձգել բանավեճը, ապա առաջարկում ենք այն կազմակերպել դեկտեմբերի 15-20-ն ընկած ժամանակահատվածում»,- գրել է Մարությանը։
Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ևս մեկ անգամ վերահաստատեց, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանը պատրաստ է մասնակցել բանավեճին։
«Մինչև պարոն Մարությանի դիրքորոշում հայտնելը՝ ասել ենք, որ կմասնակցենք։ Մենք ժամկետը փոխանցել ենք Factor TV-ին, և լրատվամիջոցը պետք է հասկանա պարոն Մարությանի դիրքորոշումը ժամկետի հետ կապված։ Բայց մենք նշել ենք այն ժամանակահատվածը, որ, գուցե, պարոն Մարությանին հարմար կլինի»,- եզրափակեց Կոստանյանը։
Ավելի ուշ լրագրող Ռոբերտ Անանյանը հայտնել է, որ Factor TV-ն արդեն իսկ կողմերի հետ համաձայնեցրել է բանավեճի անցկացման օրը և ժամը՝ այն կկայանա դեկտեմբերի 18-ին, 17։00-ին ուղիղ եթերում։ «Բանավեճի ընթացքում նախատեսում ենք քննարկել Երևանի տրանսպորտային համակարգի փոփոխությունները, տոմսային նոր համակարգի ներդրումը, սակագնային նոր համակարգը և մայրաքաղաքի կառավարման հետ կապված այլ հարցեր»,- գրել է Անանյանը։
Երևանի ավագանու 2024 թվականի մարտի 12-ին ընդունած որոշմամբ սահմանվել են հանրային տրանսպորտի տարբեր փաթեթների սակագները, որոնք ուժի մեջ են մտնելու միասնական տոմսային համակարգի գործարկման պահից, որը նախատեսված է 2025 թվականի հունվարի 1-ից։
Մեկամսյա փաթեթի արժեքը՝ մեկ ամսվա ընթացքում անսահմանափակ երթևեկության հնարավորությամբ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով), 9000 դրամ է, իսկ փաթեթն էլեկտրոնային տարբերակով ձեռք բերելու դեպքում՝ 8800 դրամ։
Եռամսյա փաթեթի արժեքը՝ երեք ամսվա ընթացքում անսահմանափակ երթևեկության հնարավորությամբ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով), 24 հազար դրամ է, իսկ փաթեթն էլեկտրոնային տարբերակով ձեռք բերելու դեպքում՝ 23 հազար 600 դրամ։
Տարեկան փաթեթի արժեքը՝ 1 տարվա ընթացքում անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով), 90 հազար դրամ է, իսկ փաթեթն էլեկտրոնային տարբերակով ձեռք բերելու դեպքում՝ 88 հազար դրամ։
10 ուղևորություն ներառող տոմսի արժեքը 2200 դրամ է, էլեկտրոնային եղանակով ձեռք բերելու դեպքում՝ 2100 դրամ։
Քաղաքացիներին առաջարկվելու է նաև մեկօրյա տոմս, որով հնարավոր կլինի 24 ժամվա ընթացքում իրականացնել 8 ուղևորություն՝ յուրաքանչյուր տրանսպորտում մեկ անգամ օգտագործելու պայմանով։ Այս տոմսի արժեքը սահմանվել է 900 դրամ, իսկ էլեկտրոնային եղանակով այն ձեռք բերելու դեպքում՝ 880 դրամ։
Առաջարկվելու է նաև 7-օրյա տոմս, որով հնարավոր կլինի 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն իրականացնել։ Տոմսի արժեքը 5000 դրամ է, էլեկտրոնային եղանակով այն ձեռք բերելու դեպքում՝ 4800 դրամ։
Քաղաքացիները հնարավորություն կունենան նաև գնել տոմսեր, որոնցով հնարավոր կլինի 90 րոպեի ընթացքում 3 ուղևորություն իրականացնել։ Տոմսի արժեքը 300 դրամ է, իսկ էլեկտրոնային տարբերակով ձեռք բերելու դեպքում՝ 280 դրամ։
Երևանի նախկին քաղաքապետն առաջարկում է պահպանել ավագանու որոշմամբ սահմանված փաթեթները, սակայն մեկ ուղևորության գինը սահմանել 100 դրամ։ Նա այդ հարցով ստորագրահավաք է սկսել՝ շեշտելով, որ ստորագրահավաքի արդյունքները ներկայացնելու է Երևանի ավագանու քննարկմանը, որպեսզի հանրային կարծիքի հիման վրա որոշում կայացվի մեկ ուղևորության արժեքը 100 դրամ թողնելու վերաբերյալ։