Կառավարությունը 34,7 միլիոն դրամ է տրամադրում Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագրի մեկնարկի համար
2 րոպեի ընթերցում
![Կառավարությունը 34,7 միլիոն դրամ է տրամադրում Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագրի մեկնարկի համար](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/11/21/q5ZD91knHzPKfb2HfTUOpSwITXyBRipZDTT4fmdF.webp)
ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը տրամադրում է 34.7 միլիոն դրամի աջակցություն «Կոտայքի և Գեղարքունիքի Կոշտ Կենցաղային Թափոնների Կառավարում» ՍՊԸ-ին՝ Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը ապահովելու համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծն ընդգրկված էր ՀՀ կառավարության նոյեմբերի 21-ի նիստի օրակարգում։
Ծրագրի նպատակն է ստեղծել Հայաստանում առաջին սանիտարական աղբավայրը՝ համապատասխան ԵՄ չափանիշներին, ինչպես նաև ներդնել կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում։ Ծրագրի բյուջեն կազմում է 11 միլիոն եվրո, որից 5.5 միլիոնը՝ վարկային միջոցներ, 5.5 միլիոնը՝ դրամաշնորհներ։ Դրամաշնորհային միջոցները տրամադրվել են Եվրոպական հարևանության ներդրումային հիմնադրամի (NIF) և Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և բնապահպանական գործընկերության (E5P) ծրագրերի կողմից։
Ծրագրի շրջանակներում արդեն իսկ կառուցվել են սանիտարական աղբավայրեր, փոխաբեռնման կայաններ, ձեռք է բերվել 28 աղբատար մեքենա, 6,000 աղբաման, ինչպես նաև հատուկ տեխնիկա։ Չնայած ենթակառուցվածքների կառուցմանն ու տեխնիկայի ձեռքբերմանը՝ ծրագրի մեկնարկի ապահովման համար անհրաժեշտ են լրացուցիչ միջոցներ՝ աղբատարների պետական գրանցում և ապահովագրություն, վառելիքի ձեռքբերում, շենքի գույքի համալրում, շահագործման համար անհրաժեշտ լիցենզիաների ձեռքբերում, աշխատակազմի վարձատրություն, տեխնիկական սպասարկման ծախսեր։
Այս նպատակով Կառավարությունը որոշել է հատկացնել 34.7 միլիոն դրամ, որը կվերաբաշխվի պետական բյուջեում նախատեսված այլ ծրագրերից։
Մեկնարկային աջակցության շնորհիվ ծրագրի իրականացումը կսկսվի, ինչը թույլ կտա կառավարել կոշտ թափոնները ԵՄ չափանիշներին համապատասխան, ապահովել շրջակա միջավայրի պահպանությունը, կառուցել արդյունավետ աղբահանության համակարգեր երկու մարզերում։