6 րոպեի ընթերցում
ԳԱՎԱՌ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը վերջերս պաշտոնական այց է կատարել Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզ՝ մասնակցելու Իզերում Հայաստանի ամսվա մեկնարկին, որը տեղի էր ունենում երրորդ անգամ, ինչպես նաև Իզերի դեպարտամենտի և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի միջև համագործակցության 20-ամյակին նվիրված միջոցառմանը և ամփոփելու այն ծրագրերը, որոնք իրականացվում են ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջև ստորագրված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, կարեն Սարգսյանը Ֆրանսիայի հանրապետություն է այցելել Իզերի դեպարտամենտալ խորհրդի հրավերով։ Այցի ընթացքում կողմերը քննարկել են
առողջապահություն, գյուղատնտեսություն, զբոսաշրջության, ֆրանկոֆոնիայի, մշակույթի ոլորտներում կողմերի միջև ծավալված համագործակցության արդյունքները և առաջիկա ծրագրերն ու առաջնահերթ անելիքները։ ։
Իզերի դեպարտամենտի առողջապահության առանցքի պատասխանատուների հետ քննարկվել են համագործակցության շրջանակներում Վ․ Գետաշենի բուժամբուլատորիայի վերանորոգման հետ կապված հարցեր, ինչպես նաև՝ 2025 թվականին նախատեսվող աշխատանքներ։
Ապա կայացել է հանդիպում Իզերի դեպարտամենտի մշակույթի, ժառանգության և ապակենտրոնացված համագործակցության հարցերով բաժնի տնօրենի տեղակալ Մագալի Լոնգուրի հետ։
Վիենի քաղաքապետարանի պսակադրությունների սրահում կայացած IRAPA հարթակի պիլոտային կոմիտեի ժողովի ընթացքում մարզպետ Կարեն Սարգսյանը հանդես է եկել ելույթով՝ ամփոփելով համագործակցության շրջանակներում մինչ օրս իրականացված աշխատանքները։
Կայացել է Գեղարքունիքի մարզի պատվիրակության ընդունելություն Իզերի դեպարտամենտի նախագահ Ժան Պիեռ Բարբիեի և Իզերի դեպարտամենտի մշակույթի, ժառանգության, միջազգային համագործակցության հարցերով փոխնախագահ Պատրիկ Կուրտոյի կողմից։ Նրանց ուղեկցությամբ Գեղարքունիքի մարզի պատվիրակությունն այցելել է Հեկտոր Բերլիոզ թանգարան։
Այնուհետ կայացել է Ընդունելություն «ԱՖՐԱՏ» զբոսաշրջային գրասենյակում։
ԱՖՐԱՏ-ը ֆրանսիական ասոցիացիա է, որն աջակցում է նրանց, ովքեր ցանկանում են ապրել, աշխատել գյուղական և լեռնային շրջաններում: Ընկերությունն աջակցում է անհատներին՝ հմտությունների և համայնքներին՝ նախագծերի զարգացման հարցում: Դասընթացները հիմնականում վերաբերում են խոհարարությանը, տեղական արտադրանքի առաջմղմանը, լեռնային զբոսաշրջային մասնագիտություններին, ինչպես նաև տեղական զարգացման և ձեռներեցության ոլորտներին:
Ավելի քան 15 տարի ԱՖՐԱՏԸ հանդես է գալիս որպես ֆրանսիական և հայկական համայնքների համագործակցության հարթակի տեխնիկական օպերատոր։
Կազմակերպվել է նաև Իզերի դեպարտամենտալ խորհրդի գյուղատնտեսական հարցերով փոխնախագահի և գյուղատնտեսական պալատի ներկայացուցիչների կողմից Գեղարքունիքի մարզի պատվիրակության ընդունելություն, որի ընթացքում ամփոփվել են Իզերի Գյուղատնտեսական պալատի՝ 2024 թվականին Գեղարքունիքի մարզ կատարած այցի արդյունքները։ Կարեն Սարգսյանը և Գեղարքունիքի մարզի պատվիրակության անդամները մասնակցել են Հայաստանին վերաբերող ցուցահանդեսի բացմանը, Իզերի դեպարտամենտի նախագահի հետ այցելություն կատարել Ժակլին Ռեբուֆե-Լավալի գյուղատնտեսական արտադրություն։
Մասնակցության հաջորդ կանգառը եղել է Իզերի Դիմադրության և աքսորի թանգարանում, Միսաք և Մելինե Մանուշյանների որմնանկարի բացման արարողությանը, որտեղ Գեղարքունիքի մարզպետը հանդես է եկել ելույթով։
Գեղարքունիքի մարզի պատվիրակությունը մասնակցել է նաև Դոֆինեի թանգարանի մատուռում Հայաստանի ամսվա բացումն ազդարարող միջոցառմանը, որտեղ ևս Կարեն Սարգսյանը հանդես է եկել ելույթով։
Իզերի դեպարտամենտալ խորհրդի առողջապահական առանցքի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ Վերին Գետաշենի բուժամբուլատորիան վերանորոգել բացառապես Ֆրանսիական կողմի միջոցներով, շուրջ 21 միլիոն․ դրամի շրջանակներում։
Առաջիկայում Իզերի դեպարտամենտի ներկայացուցիչները կլինեն Գեղարքունիքի մարզում։ Այցի ընթացքում մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման ներկայացուցիչները նրանց կուղեկցեն համագործակցության շրջանակներում արդեն իսկ վերանորոգված և վերազինված Գանձակի, Ծովինարի և Կարմիրգյուղի բուժամբուլատորիաներ, որից հետո մարզպետի հետ կքննարկվի 2025թվականին վերանորոգվող և վերազինվող բուժամբուլատորիաների ցանկը։
Մարզպետի կողմից Իզերի դեպարտամենտալ խորհրդի ներկայացուցիչներին առաջարկ է արվել՝ առողջության առաջնային օղակի միավորման և դրա կառավարման մոդելի Գրենոբլի համալսարանական հիվանդանոցի փորձը տեղայնացնել Գեղարքունիքի մարզում։
Իզերի Գյուղատնտեսական պալատի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ մարզպետն առաջարկել է՝ առաջիկայում ստեղծել տեխնիկական կոմիտե, որում ներգրավված կլինեն Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Գյուղատնտեսական պալատի համապատասխան մասնագետները՝ հետագա ծրագրերը համատեղ իրականացնելու և վերահսկելու համար։