Քաղաքաշինության կոմիտեի նախագահը նոր մանրամասներ ներկայացրեց Ակադեմիական քաղաքի նախագծային աշխատանքներից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեկնարկում է Ակադեմիական քաղաքի մանրամասն նախագծման աշխատանքների փուլը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը՝ հավելելով, որ ներկայում իրականացվում են Ակադեմիական քաղաքի լանդշաֆտային դիզայնի մշակման աշխատանքները։
«Իրականացվում են նաև տրանսպորտային ցանցերի, փոխադրումների վերլուծություն և ՀՀ տարբեր մասերից հնարավորինս հարմարավետ լոգիստիկ համակարգերի միջոցով ուղևորահոսքերի հասանելիության ապահովման նախագծման աշխատանքներ»,-ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ այժմ աշխատանքներն ընթանում են գրաֆիկից առաջանցիկ տեմպերով։
Նրա համոզմամբ՝ հաջորդ տարի ևս աշխատանքային գրաֆիկը կլինի ոչ միայն ժամանակացույցին համապատասխան, այլ նաև՝ առաջանցիկ։