Հայաստան

Քաղաքաշինության կոմիտեն մշակում է շինարարության գնագոյացման նոր հայեցակարգ

2 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեն մշակում է շինարարության գնագոյացման նոր հայեցակարգ

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մշակման փուլում է շինարարության գնագոյացման հայեցակարգը, որով նախատեսվում է հրաժարվել Խորհրդային Միության տարիներից գործող տարրային նորմերից և գնագոյացման հիմքում ընդունել շուկայական արժեքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը՝ ընդգծելով, որ գնագոյացման խնդիրը տարիներ շարունակ շինարարության ոլորտում ամենաքննարկվածներից է։

«Գնագոյացման նոր հայեցակարգ ենք մշակում, որը ներկայացվել է գերատեսչությունների քննարկմանը և առաջիկայում կներկայացվի նաև կառավարության քննարկմանն ու  հաստատմանը։ Էությունը կայանում է նրանում, որ մինչև հիմա շինարարական նախահաշիվները կազմվում էին դեռևս խորհրդային տարիներից սահմանված տարրային նորմերով, որոնք ձևափոխումներով, գործակիցների միջոցով բերվում-հասցվում էին այսօրվա գներին, որն, իհարկե, չէր արտացոլում ներկայիս իրական շինարարության ոլորտում ձևավորված շուկայական արժեքները։ Նոր հայեցակարգով նախատեսված է անցում կատարել շուկայական գնագոյացմանը, այսինքն, ըստ էության, այն, ինչը տարիներ շարունակ կատարվում էր մասնավոր ոլորտում, արտացոլել ենք պետական պատվերով իրականացվող շինարարությունների համար»,-պարզաբանեց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ գործընթացի առաջին փուլով կհաստատվի գնագոյացման հայեցակարգը, իսկ երկրորդով նախահաշիվների կազմման նորմերը, որն իր մեջ կներառի թե շինանյութերի, թե շինարարական աշխատանքների գնագոյացման մեթոդաբանությունը։ 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում