Քաղաքականություն

Նարեկ Զեյնալյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

3 րոպեի ընթերցում

Նարեկ Զեյնալյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը հայտարարել է պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զեյնալյանն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»–ի իր էջում: 

«Սիրելի հայրենակիցներ, իմ նախաձեռնությամբ դադարեցնում եմ պատգամավորական լիազորություններս։

Ինչպես մինչ այսօր, այսուհետև ևս, գիտելիքներս և փորձս շարունակելու եմ ծառայեցնել Հայաստանի Հանրապետությանը»,–գրել է Զեյնալյանը: 

Պատգամավորը հակիրճ ներկայացրել է նաև իր կատարած աշխատանքը այս տարիների ընթացքում:

«Իմ քաղաքական թիմի հետ միասին հաղթահարել ենք բավականին ծանր փորձություններ և վստահ եմ, որ իմ գործընկերները կշարունակեն պահպանել մեր հռչակած արժեքները, կշարունակեն պատվով հաղթահարել Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած բոլոր մարտահրավերները և իրականություն կդարձնեն մեր երազանքները»,–նշել է նա:

Հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովում կազմակերպված լսումների ժամանակ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի և պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև տեղի էր ունեցել թեժ բանավեճ։ Հովիկ Աղազարյանը քննադատել էր Արգիշտի Քյարամյանին՝ պատգամավորների նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունքի համար։ Նույն լսումների ընթացքում պատգամավոր Նարեկ Զեյնալյանը ևս քննադատել էր Քյարամյանի պահվածքը՝ ընդգծելով, որ անընդունելի է պատգամավորների հետ նման տոնով և ժեստիկուլյացիայով խոսելը։ Զեյնալյանը Քյարամյանին հորդորել էր փոխել իր խոսելաոճը և սահմանափակել ժեստիկուլյացիան, երբ խոսում է Ազգային ժողովի պատգամավորների հետ։ 

Նոյեմբերի 17-ին տեղեկություններ տարածվեցին, որ Հովիկ Աղազարյանն ու Նարեկ Զեյնալյանը մանդատները վայր են դնելու։ Հովիկ Աղազարյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հերքեց այդ լուրը: 

Ավելի ուշ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնել էր, որ Ազգային ժողովում հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած միջադեպից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում հարուցվել է կարգապահական վարույթ։ 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում