Շոլցը Պուտինի հետ հեռախոսազրույցը նախապես համաձայնեցրած է եղել արևմտյան առաջնորդների հետ
2 րոպեի ընթերցում
![Շոլցը Պուտինի հետ հեռախոսազրույցը նախապես համաձայնեցրած է եղել արևմտյան առաջնորդների հետ](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/11/16/qrLlpAKHnP6nzHLt3NZ2d1e5kZn6BA1PfE5qY6Ai.webp)
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համաձայնեցրած է եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրել է գերմանական Bild թերթը։
«Պուտինի և Շոլցի զրույցը համաձայնեցվել էր նաև գործընկերների հետ, երբ հոկտեմբերի 18-ին Բեռլինում էին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այդ մասին տեղեկացվել էր նաև Վոլոդիմիր Զելենսկին»,- գրել է պարբերականը։
Bild-ը նշել է նաև, որ հեռախոսազրույցի նպատակն էր պարզել՝ արդյոք Պուտինը պատրաստ է բանակցություններին Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ում անցած ընտրությունների և Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք G20 գագաթնաժողովի ֆոնին։
Թերթը հայտնել է, որ Շոլցը զրույցի ընթացքում խոսել է գերմաներեն, սակայն ռուս առաջնորդը թարգմանչի կարիք չի ունեցել։ ՌԴ նախագահը խոսում էր ռուսերեն, ուստի գերմանական կաբինետի ղեկավարը ստիպված էր դիմել թարգմանչի ծառայություններին։
Ավելի վաղ Մոսկվան և Բեռլինը հայտնել էին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հեռախոսազրույցի մասին։ Դա տեղի է ունեցել գերմանական կողմի նախաձեռնությամբ։