ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Infosys Limited» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրթիին, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիրն է:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը բարձր է գնահատել Նարայանա Մուրթիի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու հեռանկար ու ներուժ ունեցող հայ երիտասարդների համար: Վարչապետն ընդգծել է, որ ՏՏ ոլորտը ՀՀ կառավարության համար բացարձակ առաջնահերթություն է, և կարևորում է հնարավոր համագործակցությունը Նարայանա Մուրթիի հետ:
Ըստ աղբյուրի՝ վերջինս շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և ընդգծել իր ջերմ վերաբերմունքը Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ: Նարայանա Մուրթիի խոսքով՝ հայ մասնագետները բարձր տեխնոլոգիական ոլորտում ունեն մեծ ներուժ, և ինքը ևս պատրաստ է իր փորձը կիսել ու նպաստել ոլորտի զարգացմանը մեր երկրում:
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման արարողությունը կկայանա նոյեմբերի 15-ին: