ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում արհեստավարժ բանակի հիմքը պետք է հանդիսանան պրոֆեսիոնալ զինվորականները, սակայն համակարգը լինելու է հիբրիդային։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա հիշեցրեց, որ ներդրվել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր կարգ՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը։
«Մենք բազմիցս խոսել ենք, որ արհեստավարժ բանակի հիմքը պետք է լինեն պրոֆեսիոնալ զինվորականները, այն է՝ պայմանագրային զինծառայությունը, բայց նաև խոսել ենք, որ մեր ընդունած համակարգը և հայեցակարգը նրա մասին է, որ համակարգը լինելու է հիբրիդային։ Այսինքն՝ ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունը շարունակելու է Հայաստանում լինել, որը մեզ համար լինելու է ռեսուրս, որպեսզի համալրենք պրոֆեսիոնալ բանակի շարքերը։ Եվ այսօր հասել ենք նրան, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով մեծաքանակ երիտասարդներ դառնում են մեր պրոֆեսիոնալ բանակի մասնիկը։ «Մենք հասել ենք նրան, որ շահագրգռվածությունը այնքան է բարձրացել, որ մարդիկ փորձում են տարբեր միջնորդություններով ապահովել, որ իրենց տարբեր խնդիրներ ունեցող զինվոր-զավակները նույնպես կարողանան օգտվել այս կարևոր ծրագրից»,- ընդգծեց Պապիկյանը։