Երկրների միջև փոխանակվող հաշվետվությունն արդեն հասանելի կլինի նաև Հայաստանի հարկային մարմնին. ՊԵԿ
2 րոպեի ընթերցում
![Երկրների միջև փոխանակվող հաշվետվությունն արդեն հասանելի կլինի նաև Հայաստանի հարկային մարմնին. ՊԵԿ](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/11/13/PHJwjLj2Au31yfJHYMycMAWnWBXKYBdHWyA3KkfU.webp)
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) «Հարկվող բազայի խեղաթյուրում և շահույթի տեղաշարժ» BEPS ծրագրի ևս մեկ ստանդարտ է ներդրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից, շեշտելով, որ նոր կարգավորմամբ` երկրների միջև փոխանակվող հաշվետվությունն արդեն հասանելի կլինի նաև մեր երկրի հարկային մարմնին։
Կարգավորման համաձայն, եթե բազմազգ կազմակերպության տարեկան համախառն եկամուտը գերազանցում է 750 մլն եվրոն, ապա տվյալ խմբի մայր կազմակերպությունը պարտավորվում է երկրների միջև փոխանակվող հաշվետվություն ներկայացնել իր ռեզիդենտության հարկային մարմին։ Վերջինս էլ իր հերթին այդ տեղեկատվությունը փոխանցում է այն երկրների հարկային մարմիններին, որտեղ տվյալ կազմակերպությունն անդամ կազմակերպություններ ունի։
Երկրների միջև փոխանակվող հաշվետվության մեջ արտացոլվում են բազմազգ կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններն ու եկամուտները։ Այն տեղեկություններ է պարունակում նաև անդամ կազմակերպությունների ռեզիդենտության երկրների մասին։
Նշվում է, որ այս հաշվետվությունը հարկային մարմնի կողմից օգտագործվելու է բացառապես բարձր ռիսկային դեպքերն ուսումնասիրելու համար։ Այն չի կարող հիմք ծառայել հարկ վճարողի հանդեպ լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրելու նպատակով։