Նախարարը սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման կրճատումը կապում է համայնքների ինքնուրույնությունը խթանելու հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց համայնքներին տրամադրվող սուբվենցիաների և դրամաշնորհների կրճատման հարցին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարց ուղղեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին՝ անդրադառնալով համայնքներին տրամադրվող սուբվենցիաների և դրամաշնորհների զգալի կրճատմանը, որն արտացոլված է 2025 թվականի բյուջեի նախագծում։

Ի պատասխան ՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց, որ համայնքների ֆինանսավորման կառուցվածքի փոփոխությունները բխում են համայնքների ինքնուրույնությունը խթանելու տրամաբանությունից։ Նա պարզաբանեց, որ վերջին շրջանում դոտացիաներն աճել են 13 միլիարդ դրամով։

«Մեր տրամաբանությունն այն է, որ, քանի որ 13 միլիարդ դրամով ավելացել են դոտացիաները, այսինքն՝ ավելանում են համայնքների եկամուտները, կարծում ենք, որ համայնքներն ունեն ինքնուրույն ծրագրեր իրականացնելու ավելի մեծ կարողություններ»,-ասաց Հովհաննիսյանը։

Նախարարը շեշտեց, որ սուբվենցիաների նպատակը կառավարության կողմից համայնքներին աջակցելն է այն իրավիճակում, երբ նրանք չունեն բավարար եկամուտներ։ Այժմ, ըստ Հովհաննիսյանի, համայնքներն ավելի մեծ կարողություններ ունեն ինքնուրույն ծրագրեր իրականացնելու համար։ Դա տեղի է ունեցել նաև վերջին տարիներին իրականացված օրենսդրական փոփոխությունների շնորհիվ, որոնք նպաստել են համայնքների եկամուտների աճին։

«Այս առումով հնարավորությունները մեծանում են, բայց, իհարկե, տարվա ընթացքում, եթե նկատել եք, պլանավորում ենք սուբվենցիաների տրամադրման ինչ-որ գումարներ, հետո տրամադրում ենք դրանից շատ ավելի շատ, երբ տեսնում ենք, որ ծրագրերը որակյալ կատարվում են»,- հավելեց Հովհաննիսյանը։ 

Պատգամավոր Գեղամ Նազարյանը արձագանքեց նախարարի մեկնաբանությանը՝ նշելով, որ դրամաշնորհների չափն էլ է զգալիորեն նվազել՝ մոտ 3-4 միլիարդ դրամով։

«Ցավոք, Ձեր պատկերացումները գյուղական բնակավայրերի մասին չեն համապատասխանում այն իրականությանը, որն ունենք։ Եվ այս առումով կառաջարկեմ, որ ավելի լավ ուսումնասիրեք գյուղերում առկա վիճակը և սուբվենցիոն ծրագրերն այնպիսիք լինեն, որ հետո հիմք դառնան, որ համայնքներն ինքնուրույն կարողանան ինչ-որ ծրագրեր իրականացնել»,- եզրափակեց Նազարյանը։ 

Հայերեն

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը