Սպորտ

Միշտ եմ համառությամբ գնացել իմ նպատակի հետևից. Հարություն Մերդինյան

7 րոպեի ընթերցում

Միշտ եմ համառությամբ գնացել իմ նպատակի հետևից. Հարություն Մերդինյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականը վերջին տարիներին կոտրում է բոլոր կարծրատիպերը` ցույց տալով, որ հնարավոր է մեծ հաջողությունների հասնել նվիրված աշխատանքի ու ջանասիրության շնորհիվ: Անկախ Հայաստանի պատմության մեջ աշխարհի առաջնություններում առաջին մեդալը Հայաստանի համար նվաճել է Հարություն Մերդինյանը` 2015 թվականին: Օրեր առաջ Մերդինյանն, ով արդեն 40 տարեկան է, հայտարարեց կարիերան ավարտելու մասին: 

«Արմենպրես»-ի հետ հարցազրույցում Մերդինյանը խոսել է անցած ճանապարհի, մարզական հաջողությունների ու մարմնամարզության հավաքականի ֆենոմենի մասին: 

-Հարություն, սկսելով ամենասկզբից՝ ո՞վ է Ձեզ «ծանոթացրել» մարմնամարզության հետ: 

-Հայրս էր սիրում մարմնամարզությունը, սակայն ինչ-ինչ պատճառներով նրա մոտ չի ստացվել մարզաձևում մեծ հաջողությունների հասնել: Եվ դրանից հետո նա որոշում է կայացրել, որ ինձ պետք է տանի մարմնամարզության մարզումների` Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոց: Առաջին անգամ 4-5 տարեկանում եմ սկսել հաճախել մարզումների: Ճիշտ է, շատ են եղել պահեր, որ դժվարությունների եմ հանդիպել: Եղել է, որ չուզենալով եմ գնացել, եղել է, որ փախել եմ մարզումներից: Սակայն հետո մերվել եմ, քանի որ մարզիչս էլ շատ լավն էր` ընկեր Սոսը (հեղ. Սոս Սարգսյան): Ու մինչ օրս էլ միասին ենք:  

-Արդյոք եղե՞լ է մի մրցաշար, մի առաջնություն, որից հետո ինքներդ Ձեզ համար վերջնականապես հասկացել եք, որ մարմնամարզությունը Ձեր մարզաձևն է:

-Միշտ եմ եղել այն կարծիքին, որ մարմնամարզությունն իմ մարզաձն է, նույնիսկ այն մրցաշարերից հետո, երբ լավ արդյունքի չեմ հասել: Նույնիսկ այն տարիներին, երբ միջազգային մրցաշարերում մրցակցությունից դուրս էինք, այդ ժամանակ անգամ մի ներքին հույս ունեցել եմ, որ մի օր հաստատ ստացվելու է: Միշտ եմ համառությամբ գնացել իմ նպատակի հետևից: Բայց փառք Աստծո, մեր հավաքականին հաջողվել է այդ ճանապարհը լավ անցնել՝ մարզիչների գիտելիքների ճիշտ համադրմամբ: Աճել ենք տարիների ընթացքում: 

-2015 թվականին շոտլանդական Գլազգո քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում Դուք դարձաք բրոնզե մեդալակիր` նվաճելով անկախ Հայաստանի առաջին մեդալը մարմնամարզության աշխարհի առաջնություններում: Ինչպե՞ս եք հիշում այդ առաջնությունը:

-Մենք, կարծես, հասել էինք այդ կետին, հասել էինք այդ մեդալին: Այդ տարի նաև Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր էի դարձել: Այդ մեդալներին սկսել ենք հասնել դեռևս 2006 թվականից: Ու այդ ճանապարհն աննկարագրելի բարդ էր թե՛ ինձ համար, թե՛ մարզիչների համար: Եվ մեզ համար այդ մեդալն անհավանական մի բան էր: 

-Ո՞րն է Հայաստանի մարմնամարզության հավաքականի ֆենոմենն այն պարագայում, երբ չունենք միջազգային կարգի համապատասխան դահլիճ և երկար տարիներ չենք ունեցել համապատասխան մարզագույք:

-Կարծում եմ աշխատասիրությունն է ամեն ինչի հիմքը, ինչպես նաև չհուսահատվելը: Անկախ նրանից՝ ունե՞նք լավ մարզադահլիճ, թե՞ չունենք, ունե՞նք լավ մարզագույք, թե՞ ոչ, ֆինանսապես ապահովվա՞ծ ենք, թե՞ ոչ, մենք շարունակում ենք առաջ նայել: Ամեն մեկս մեր հերթին մեր առաջ դրած հստակ նպատակներ ունենք: Ուրախ եմ, որ իմ այս տարիքում ցույց տվեցի, որ անհնարին ոչինչ չկա:  

-2022 թվականը Ձեզ համար մարզական առումով, կարծես, «երկրորդ շնչառության» տարի էր. աշխարհի առաջնության բրոնզե  մեդալ, Եվրոպայի չեմպիոն: Միթե՞ Ձեզ համար մոտիվացիա դարձավ Ձեր աղջկա` Սառայի ծնունդը:

-Այո, ես պարզապես այդ տարի ևս մեկ անգամ ինքս ինձ ապացուցեցի, որ եթե իսկապես ցանկություն լինի, անհնարին ոչինչ չկա: Նույնիսկ Սառայի ծնվելուց հետո պահ է եղել, որ մտածում էի հեռանալ մեծ սպորտից: Այդ տարի շատ լավ տրամադրվեցի, ընկերներս էլ ինձ շատ օգնեցին այդ արդյունքին հասնելու համար: Իմ կարծիքով՝ ամեն ինչ պարզ է՝ ուղեղիդ հստակ ասում ես, որ կարող ես ու ստացվում է:  

-Հարություն, օրեր առաջ որոշում կայացրեցիք ավարտել կարիերան: Արդյոք հետագայում տեսնո՞ւմ եք Ձեզ մարզչական աշխատանքում:

-Տեսնում եմ, եթե անկեղծ: Մշտապես մարզադահլիճում եմ և պատրաստակամ եմ իմ խորհուրդներով օգնել բոլորին: Հավաքականի մարզիչ Հակոբ Սերոբյանի հետ խորհրդակցել ենք, կշարունակեմ մնալ հավաքականի հետ, հավաքականի կողքին: 

-Խոսելով երիտասարդ մարզիկների մասին՝ ինչպիսի՞ նոր սերունդ ունենք: 

-Մեծ ապագա ունեցող երիտասարդներ ունենք: Եվ նրանք էլ դա ապացուցեցին աշխարհի երիտասարդների առաջնությունում նախորդ տարի: Համլետն էլ, Մամիկոնն էլ լավն են: Ինձ համար ամենաքիչն այն պիտի լինի, որ գերազանցեն մեր արդյունքները: Շատ կուզենայի, որ մեր արդյունքները եռապատկեին: Եթե նոր դահլիճ էլ ունենանք, լիահույս եմ, որ ամեն ինչ կստացվի: Թեպետ, խոսք են տվել, որ նոր մարզադահլիճ կկառուցվի` մինչ այս գրանցած մեր արդյունքները գոնե արժանի են նորմալ մարզադահլիճ ունենալուն: Գիտեմ նաև, որ մեծ աշխատանք են տանում թե՛ ֆեդերացիան, թե՛ կառավարությունը, թե՛ Երևանի քաղաքապետարանը: 

-Ո՞րն է մարմնամարզության գեղեցկությունը, որն անտեսանելի է երկրպագուների համար, սակայն ակնհայտ է ձեր` մարմնամարզիկների համար: 

-Գիտեք մարմնամարզության գեղեցկությունը նրանում է, որ կողքից դիտողի համար այն հեշտ է թվում, սակայն հսկայական աշխատանք է պահանջվում ամեն վարժության համար: Միայն նրանք կարող են հասկանալ, թե ինչ բարդ է այս ամենը, որոնք գոնե մեկ անգամ կմարզվեն այնպես, ինչպես մարմնամարզիկները:

-Ի՞նչ է Ձեզ տվել մարմնամարզությունը:

-Կարգապահություն, նպատակասլացություն, պարտաճանաչություն:

-Ինչպե՞ս կուզեք, որ Ձեզ հիշեն:

-Դժվարանում եմ ասել (հեղ. ծիծաղում է): Կարծում եմ, այնքան բան կա արած, որ չհիշելը դժվար կլինի:

-Շնորհակալ եմ անմիջական զրույցի համար: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում