Աթենքում կայացել է Փարաջանովի 100-ամյակի միջոցառում. Նախատեսվում են փարաջանովյան օրեր Հունաստանում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աթենքի Cinema Studio New Star Art կինոթատրոնում «Կովկաս» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ և Հունաստանում Վրաստանի դեսպանության աջակցությամբ նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել մշակութային միջոցառում՝ նվիրված աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ողջույնի ուղերձներով հանդես են եկել Հունաստանում Հայաստանի և Վրաստանի դեսպաններ Տիգրան Մկրտչյանը և Լևան Բերիձեն, «Կովկաս» մշակութային կենտրոնի նախագահ և Աթենքում վրացական ինստիտուտի տնօրեն Ավթանդիլ Միկաբերիձեն, Studio New Star Art կինոթատրոնի գեղարվեստական ղեկավար Վելիսարիոս Կոսիվակիսը։ Միջոցառմանը բացառիկ կատարումներով հանդես է եկել Վրաստանից ժամանած «Սագալոբելի» պատանեկան երգչախումբը։ Միջոցառումն ամփոփվել է «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» ֆիլմի ցուցադրությամբ։

Ըստ աղբյուրի՝ դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության դեսպանությունը նախատեսում է անցկացնել փարաջանովյան օրեր Հունաստանում։

Դեսպան Մկրտչյանն իր խոսքում նշել է. «Ինձ համար իրապես պատիվ է մի քանի ներածական խոսք հղել աշխարհահռչակ կինոռեժիսոր և աներևակայելի բազմակողմանի արվեստագետ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված այս գեղեցիկ միջոցառմանը:

Թբիլիսիում ծնված հայ ծնողների զավակ Փարաջանովն իր երիտասարդությունն անցկացրել է Վրաստանում, կայացել է Ռուսաստանում և Ուկրաինայում, աշխատել է և՛ Ուկրաինայում, և՛ Հայաստանում։ Բայց հենց ծննդավայր Թբիլիսին էր, ուր նա վերադարձավ ավելի ուշ՝ իր անարդար ազատազրկումից հետո: Վրաստանում էր, որ նա բեմադրեց իր երկու գլուխգործոցները՝ «Սուրամի ամրոցի լեգենդը» (1984թ.), որը կցուցադրվի այսօր և «Աշիկ-Քերիբը» (1988թ.): Կային նաև այլ նախագծեր և գաղափարներ, որոնցից որոշներն իրականացան, օրինակ՝ «Արաբեսկներ» կարճամետրաժ վավերագրական ֆիլմը Փիրոսմանիի թեմայով (1985 թ.), մյուսները, ցավոք, կիսատ մնացին ամենավաղ փուլում, ինչպես օրինակ՝ ռուս մեծ բանաստեղծ Լերմոնտովի «Դևը» ռոմանտիկ պոեմի հիման վրա ֆիլմ նկարահանելու գաղափարը: Այսպիսով, կարելի է ասել, որ Փարաջանովի կյանքի և գործունեության վերջին շրջանը եղել է շատ բեղմնավոր և նույնիսկ, կարելի է ասել, երջանիկ՝ ի համեմատություն մեկ տասնամյակ ավելի վաղ նրա ունեցած փորձի։

Կասկածից վեր է, որ Թբիլիսին իր աշխույժ մշակութային կյանքով Փարաջանովի ոգեշնչման հիմնական աղբյուրներից մեկն էր այդ վերջին տարիներին, բայց ոչ պակաս կարևոր է, իմ կարծիքով, որ նաև հնարավորություն էր վերամիավորվելու իր խորը արմատների, ակունքների հետ։ Սերգեյ Փարաջանովն աներկբա իրեն ամենից շատ զգում էր տանը իր մանկությունից ծանոթ աշխարհում, լինեին դրանք իր ծնողների փոքրիկ տունն ու նեղ փողոցները, որոնք բազմիցս որսացել է լուսանկարիչ Յուրի Մեչիտովի տեսախցիկը, թե՝ հին բաղնիքներն իրենց կլոր տանիքներով, որոնք այդքան հետաքրքրությամբ ուսումնասիրում է Արութինը՝ Փարաջանովի alter ego-ն և գլխավոր հերոսը «Նռան գույնը» ֆիլմում, որը մենք նախատեսում ենք բարձր որակով ցուցադրել մյուս ամիս:

Փարաջանով արվեստագետը պատկանում է ողջ մարդկությանը, բայց նրա սիրտը պատկանում էր իր հայրենիքին և իր ժողովրդին՝ հայերին, վրացիներին, ուկրաինացիներին և շատ ուրիշների` բազմամշակութային բոհեմական կյանքում, որը նա այդքան սիրում էր:

Լինելով ծննդով հայ՝ նա դարձավ իրական կոսմոպոլիտ՝ բառի լավագույն իմաստով, ով կարողացավ իր արվեստում միաձուլել ամենատարբեր ազդեցություններ՝ ստեղծելու գեղեցիկը, որն անժամկետ է և, հուսով եմ, հավերժ»:

Հայերեն

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել

COP17. վայրի կենդանիների և հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխումը ՊԵԿ֊ի ուշադրության կենտրոնում