ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, նախարարության և ոստիկանության ղեկավար կազմը նոյեմբերի 7-ին ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել սահմանների պաշտպանության և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, նույն օրը նրանք ոստիկանության զորքերի զորամասերից մեկում հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին, նաև այցելել են ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար գնդապետ Արմեն Վարդանյանի շիրիմին։
ՆԳ նախարարությունից հիշեցնում են, որ 44-օրյա պատերազմի ժամանակ նոյեմբերի 7-ին զոհվեցին ոստիկանության զորքերի 39 ծառայողներ։