ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտոնից նոյեմբերի 18-ին հրաժարական ներկայացրած Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ուղերձ է հղել հանրությանը: «Արմենպրես»-ը Վահե Ղազարյանի ուղերձն ամբողջությամբ ներկայացնում է ստորև.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ներքին գործերի նախարարության և ենթակա ծառայությունների սիրելի՛ գործընկերներ, Ներքին գործերի նախարարի պաշտոնից ազատվելու դիմում եմ ներկայացրել:
Մեր երկրի համար մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում միասին հաղթահարեցինք բազում փորձություններ: Միաժամանակ, ձեր արհեստավարժության, բարեխիղճ աշխատանքի ու նվիրումի շնորհիվ, մենք անցանք խորքային, համապարփակ բարեփոխումների դժվար փուլը: Հսկայածավալ ձեռքերումները, հանրային վստահության մակարդակի աճը թիմային մեծ աշխատանքի ու բոլորիս հետևողական ջանքերի արդյունք են:
Ցավոք, այս ճանապարհին կորցրեցինք մեր լավագույն ընկերներին ու գործընկերներին, որոնք խիզախաբար իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն հայրենիքի ու պետականության։ Փա՜ռք նրանց։
Վստահ եմ, որ ամբողջապես իրականություն կդառնան բարեփոխումներին միտված բոլոր ծրագրերը, և համակարգային փոփոխությունները արդյունավետորեն կծառայեն ի շահ Հայաստանի Հանրապետության քաղաքացու:
Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ:
Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Վարչապետին և կառավարությանը՝ համակարգային փոփոխությունների այս փուլում ՆԳ նախարարի պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար։
Վստահ եմ, որ ՆԳ նախարարությունը կշարունակի առաջնորդվել մեր որդեգրած բարձր արժեքներով և սկզբունքներով՝ հանուն Հայաստանի Հանրապետության հզորացման»:
Մամուլում երեկվանից լուրեր էին շրջանառվում ՀՀ կառավարությունում կադրային լուրջ փոփոխությունների մասին։ Նոյեմբերի 18-ին հրաժարականի մասին հայտարարեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: Հակակոռուպցիոն կոմիտեից և Ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ ազատման դիմումներ են գրել կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ու ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ևս հայտարարել է պաշտոնից իր հրաժարականի մասին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-ի Կառավարության նիստում իր դժգոհությունն էր հայտնել իրավապահ մարմինների և դատական համակարգի աշխատանքի վերաբերյալ՝ շեշտելով, որ իր համբերության բաժակը լցվել է և որոշումներ է կայացնելու։ Արդեն նոյեմբերի 18-ին վարչապետը հայտնել է, որ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները։