ՀՀ վարչապետի տիկինը մասնակցել է 44-օրյա պատերազմում զոհված կապիտանի մասին պատմող գրքի շնորհանդեսին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նոյեմբերի 6-ին մասնակցել է լրագրող Նանե Արզումանյանի հեղինակած «Արցախի հրամանատարը` տնից խրամատ» գրքի շնորհանդեսին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Աննա Հակոբյանի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, գիրքը կապիտան Արտուշ Արզումանյանի մասին է, որը զոհվել է 44-օրյա պատերազմի ընթացքում: Արտուշ Արզումանյանը Նանե Արզումանյանի եղբայրն է:
Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ, Արտուշ Արզումանյանի ընտանիքի անդամները, ընկերներն ու հարազատները:
Շնորհանդեսի մեկնարկին ցուցադրվել է ֆիլմ, որտեղ ներկայացված է Արտուշ Արզումանյանի կենսագրությունը, անցած սպայական ուղին:
Հեղինակը պատմել է, որ գրքում ավելի շատ փորձել է ներկայացնել Արտուշ Արզումանյանի մարդ տեսակը, թե ինչպիսին է նա եղել տանը, ինչպիսի որդի էր ծնողների համար, ինչպիսի հայր` 3 զավակների համար և ինչպիսի եղբայր` իր համար:
Հեղինակի ցանկությամբ գիրքը վաճառքի ենթակա չէ, Նանեն որոշել է նվիրել գիրքն այն մարդկանց, ովքեր կցանկանան ճանաչել Արտուշ Արզումանյանին: