Իրավունք

Հաագայի դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի առարկություների վերաբերյալ որոշումը կհրապարակի նոյեմբերի 12-ին

2 րոպեի ընթերցում

Հաագայի դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի առարկություների վերաբերյալ որոշումը կհրապարակի նոյեմբերի 12-ին

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով՝ Ադրբեջանի կողմից ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանը կհրապարակի իր վճիռը 2024 թվականի նոյեմբերի 12-ին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից՝ մանրամասնելով, որ հրապարակային նիստը կանցկացվի ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով 18:00-ին) Հաագայի Խաղաղության պալատում, որի ընթացքում Դատարանի նախագահ, դատավոր Նավաֆ Սալամը կկարդա Դատարանի վճիռը։

2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը վարույթ նախաձեռնեց Ադրբեջանի դեմ՝ կապված «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտումների հետ: 

2023 թվականի ապրիլի 21-ին Ադրբեջանը ներկայացրեց նախնական առարկություններ՝ Դատարանի իրավասության վերաբերյալ և Դատարանի կանոնակարգի 79-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, գործի վարույթը կասեցվեց մինչև նշված նախնական առարկությունների վերաբերյալ Դատարանի որոշման հրապարակումը: 

2023 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ Դատարանի նախագահի սահմանված ժամկետում Հայաստանը ներկայացրեց իր գրավոր դիտարկումներն ու դիրքորոշումը Ադրբեջանի նախնական առարկությունների վերաբերյալ:

Հայաստան ընդդեմ Ադրբեջանի գործով վճռի հրապարակումից անմիջապես հետո դատարանը կհրապարակի իր վճիռը՝ Ադրբեջանը ընդդեմ Հայաստանի գործով՝ Հայաստանի կողմից ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում