Իրավունք

Եթե Բաքուն վստահ լիներ իր իրավական դիրքորոշումների վրա, ապա դատական գործընթացները դադարեցնելու գաղափարն առաջ չէր քաշի. Եղիշե Կիրակոսյան

3 րոպեի ընթերցում

Եթե Բաքուն վստահ լիներ իր իրավական դիրքորոշումների վրա, ապա դատական գործընթացները դադարեցնելու գաղափարն առաջ չէր քաշի. Եղիշե Կիրակոսյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի դիտարկմամբ՝ եթե Ադրբեջանը վստահ լիներ իր իրավական դիրքորոշումների վրա, ապա միջազգային դատական ատյաններում գործընթացները դադարեցնելու մասին գաղափարն առաջ չէր քաշի։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչն ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով հարցին, թե կխանգարի՞ արդյոք միջազգային իրավական վեճերի առկայությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է՝ Հայաստանն ընդառաջ գնա Ադրբեջանի պահանջներին և միջազգային ատյաններից հետ կանչի իրավական վեճերը, Կիրակոսյանը նկատեց, որ այդ հարցի շուրջ առայժմ պետք չէ շտապել և մեկնաբանություններ կատարել։ 

«Դրա մասին պետք է չշտապել մեկնաբանություն տալ։ Ադրբեջանն էլ ՀՀ-ի դեմ գործեր ունի, միայն Հայաստանը չի, որ Ադրբեջանի դեմ գործեր ունի։ Այստեղ հարց է առաջանում, եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում․ ինձ թվում է, որ պատասխանն արդեն պարզ է»,-ասաց Կիրակոսյանը։

Վերջինս վստահություն հայտնեց, որ Հայաստանի կողմից նախաձեռնած, օրինակ, Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի հայցն Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի հիման վրա միտված է նաև հնարավոր պատերազմը կանխարգելելուն, որովհետև ի սկզբանե հենց կոնվենցիայի նպատակներից մեկը եղել է այն, որ ռասիզմ քարոզելու կանխարգելումը և արգելքը միտված է խաղաղության ամրապնդմանը  և պատերազմի կանխարգելմանը։

«Չեմ կարծում, որ խաղաղության գործընթացին կարող են խանգարել երկու երկրների միջև առկա իրավական վեճերը։ Իմ կարծիքով՝ իրավական վեճերի իմաստն ինչ-որ տեղ խաղաղության հաստատումն է։ Ընդհանրապես, երբ պետությունները նախաձեռնում են իրավական վեճեր, տարաձայնությունները լուծում են քաղաքակիրթ եղանակով, դա նաև ուժի կիրառումը բացառել է նշանակում, պատերազմը կանխարգելել է նշանակում»,-ասաց Եղիշե Կիրակոսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում