Խանդանյանը Եղիշե Կիրակոսյանի աշխատանքից ազատումը չի կապում Հայաստանի և Ադրբեջանի՝ միմյանց դեմ հայցերի հնարավոր հետկանչման հարցի հետ
3 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Միջազգային իրավական հարցեով ՀՀ ներկայացուցչի պաշտոնից Եղիշե Կիրակոսյանի ազատման որոշումը չի կապում միջազգային ատյաններում Հայաստանի և Ադրբեջանի՝ միմյանց դեմ ներկայացված հայցերի հնարավոր հետկանչման շուրջ՝ ՀՀ իշխանության հետ ենթադրյալ տարաձայնությունների հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խանդանյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով Կիրակոսյանի՝ աշխատանքից ազատման պատճառներին ու հնարավոր տարաձայնությունների վերաբերյալ հարցին:
Խանդանյանը նշեց, որ Եղիշե Կիրակոսյանի աշխատանքից ազատման վերաբերյալ կարող է մեկնաբանություն տալ այնքանով, որքանով, որ մեկնաբանել է վարչապետի աշխատակազմը:
«Ես հավելյալ տեղակատվության չեմ տիրապետում: Պարոն Կիրակոսյանը սեփական դիմումի համաձայն է աշխատանքից ազատվել: Դա ամիսների քննարկումների արդյունքում է տեղի ունեցել»,–ասաց Խանդանյանը:
Անդրադառնալով հայցերի հնարավոր հետկանչման շուրջ Կառավարության հետ, այսպես կոչված, տարաձայնությունների ու հրաժարականի հնարավոր կապին՝ պատգամավորը շեշտեց՝ չի կարծում, որ դրանք առնչություն ունեն:
«Ես նման կապ չեմ տեսնում»,–հավելեց նա:
Եղիշե Կիրակոսյանի՝ ՀՀ ներկայացուցչի պաշտոնից ազատման մասին հայտնի դարձավ մարտի 5–ի երեկոյան: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրել էին, որ Եղիշե Կիրակոսյանն ամիսներ առաջ ձեռք բերված պայմանավորվածությամբ,սեփական դիմումի համաձայն ազատվելու է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից, սակայն գրասենյակի աշխատակիցների զանգվածային ազատման վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի նախագծի չհամաձայնեցված կետերից է միջազգային ատյաններում միմյանց դեմ ներկայացված հայցերի հետքաշման հարցը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Արմենպրես»–ի հետ զրույցում այս թեմային անդրադառնալով, նշել էր, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում հայցերի հետքաշումը տրամաբանական է, հետևաբար գաղափարն ընդունելի է հայկական կողմի համար: