ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային 16-րդ փառատոնին այս տարի առաջին անգամ միացած Իսպանիայի Թագավորության դեսպանությունը լիահույս է շարունակելու և խորացնելու համագործակցությունը փառատոնի հետ։
Փառատոնի շրջանակում հոկտեմբերի 25-ին Մալյան թատրոնում տեղի է ունեցել «Անիմացիա Իսպանիայից. «Նոր հեռանկարներ»» խորագրով ժամանակակից իսպանական կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերի ծրագիրը, որն իր մեջ ներառում էր տարբեր ժամանակակից կարճամետրաժ ֆիլմեր՝ ստեղծված տարբեր ոճերով և վիզուալ լուծումներով։
Իսպանիայի Թագավորության դեսպանության Գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Կոնեսա Սանչոն ծրագրի բացմանը հայտարարել է, որ իսպանական անիմացիոն ֆիլմերի ոլորտը զարգացման կարևոր փուլ է թևակոխել, ընդհուպ՝ Օսկար մրցանակաբաշխությանը նոմինացվելը, ինչը տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու շատ լավ պահ և առիթ է։
«Հայաստանը մեզ համար գրավիչ ուղղություն է․ այստեղ կարող ենք կիսվել մեր փորձով ու գիտելիքներով, բայց նաև սովորել հայկական փորձից»,- ասել է Քրիստինա Կոնեսա Սանչոն։
Այս ուղղությամբ փառատոնն արդեն իսկ գործուն քայլեր իրականացրել է. հայկական «ՌեԱ»-ն և իսպանական NEXT Lab Generation-ը այս տարվա հունիսին համագործակցության հուշագիր են ստորագրել ֆրանսիական հեղինակավոր Անսի (ANNECY) միջազգային անիմացիոն կինոփառատոնի ժամանակ։ NEXT Lab Generation-ն անիմացիայի, վիրտուալ իրականության, վիդեոխաղերի, թվային կոնտենտի ոլորտներում փորձարկումների և նորարար տեխնոլոգիական գործիքների ներդրման հարթակ է, որը միավորում է արվեստն ու տեխնոլոգիաները։ Այն իրականացնում է աշխատարաններ, մասնագիտական միջոցառումներ, վարպետաց դասեր, դասընթացներ, կոնֆերանսներ և ուսումնասիրություններ՝ նպատակ ունենալով զարգացնել տեսաձայնային բովանդակությունը նորագույն տեխնոլոգիաների՝ VR-ի, AR-ի, AI-ի ու XR-ի կիրառմամբ։
«Որպես անիմացիայի ոլորտի տարածաշրջանային առաջատար փառատոն՝ «ՌեԱ»-ն անչափ կարևորում է միջազգային գործընկերությունը։ Մենք հարթակ ենք տարբեր երկրների անիմացիոն ոլորտների կամրջման, փորձի փոխանակման և երկուստեք մասնագետների համար նոր ու բացառիկ հնարավորությունների ստեղծման համար։ Եվրոպական երկրները, այդ թվում՝ Իսպանիան, ռազմավարական նշանակության ուղղություն են մեզ համար, քանի որ ունեն անիմացիոն ոլորտի զարգացման յուրօրինակ պատմություն և տեսլական»,-նշել է «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին։ Նա հավելել է, որ դրա վառ վկայությունն են Իսպանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից անիմացիոն ֆիլմերի և մասնագետների ներկայությունը փառատոնին։
Փառատոնի կարևոր հյուրերից էր Ֆրեդերիկ Վինելը՝ ֆրանսիական CARTOON-ի ներկայացուցիչը, ով պատմել է անիմացիոն ոլորտի մասնագետների համար միջազգային նեթվորքային և համագործակցային միջոցառումներ կազմակերպելու CARTOON-ի փորձի մասին։ Ֆրանսիական հեղինակավոր Անսի անիմացիոն կինոփառատոնի MIFA անիմացիոն շուկայի ղեկավար Վերոնիկ Էկրենազն էլ ներկայացրել է MIFA հարթակն ու այս տարվա ձեռքբերումները։
Կատալոնիայի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի՝ Animac-ի տնօրեն, կուրատոր, պրոդյուսեր Կարոլինա Լոպեսը, ով «ՌեԱ»-ի ավարտական ֆիլմերի ժյուրիի անդամ էր, նկատել է․
«Ես իսկապես սիրում եմ ուսանողական ֆիլմերը, որոնցում անիմացիայի ապագայի զարկերակն է։ Այն բոլոր մտքերը, որ երիտասարդներն ունեն իրենց գլխում և այն նոր էսթետիկան, որ նրանք բերում են իրենց հետ, աննկարագրելի էներգիա է փոխանցում։ Շատ ուրախ եմ, որ ունեցա այդ հաճույքը լինելու ավարտական աշխատանքները գնահատող ժյուրիի կազմում»,-ասել է Կարոլինա Լոպեսը։
Խոսելով իսպանական ֆիլմերի մասին, որոնք ներկայացվել են հայ հանդիսատեսին փառատոնի շրջանակում՝ նա նշել է, որ իսպանական անիմացիան ունի խորը և հարուստ արմատներ։
«Մենք բերել ենք ինչպես պրեմիերաներ, այնպես էլ մրցանակներ շահած ֆիլմեր, որպեսզի հայ հանդիսատեսը ծանոթանա այն հարուստ ավանդույթներին, որ ունի իսպանական անիմացիան»,-հավելել է Կարոլինա Լոպեսը։
16-րդ «ՌեԱ» փառատոնի ժամանակ ցուցադրված իսպանական ֆիլմերից ամենակարևորը 1950 թվականին ստեղծված «Ժուկով ժամանակով» կատալոնական անիմացիոն գեղարվեստական ֆիլմն էր, որը ճանաչվել է ազգային արժեք։ Ֆիլմի ստեղծմանը մասնակցել են հայտնի կատալոնացի գործիչներ, մտավորականներ, քաղաքական գործիչներ, նկարիչներ, տեխնիկներ, ովքեր աշխատել են ֆիլմը դարձնել կատալոնական կինոյի խորհրդանիշ և անիմացիոն կինոյի հենանիշ։
«ՌեԱ» փառատոնը (նախկինում՝ «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոն) ստեղծվել է 2009 թվականին՝ քաղաքական երգիծանկարիչ, նկարիչ և անիմատոր Վրեժ Քասունու կողմից և խորհրդանշում է հայկական անիմացիոն պատմության «երիտասարդացումն» ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակում՝ այն դիրքավորելով որպես անընդհատ զարգացող ոլորտ։
«ՌեԱ» փառատոնի նպատակը Հայաստանում, Հարավային Կովկասում և անդին անիմացիոն ֆիլմերի, պրոդյուսերների և անիմացիոն արտիստների կենսունակ համայնքն ու գործը հանրահռչակելն է։
Փառատոնը կազմված է 3 կարևորագույն բաղադրիչներից՝ ցուցադրվող ֆիլմերը, MarAni անիմացիոն շուկան և Rea Comics Art-ը։
Իր հիմնադրման օրվանից ի վեր «ՌեԱ» փառատոնը ներգրավել է ավելի քան 40,000 հանդիսատեսի, համագործակցել և ստացել է աջակցություն 130 հովանավորի կողմից, հյուրընկալել է ոլորտի 230 քննադատների/ժյուրիների (օր․՝ Տիցիանա Լոսկի, Ժան-Պոլ Կոման, Դեվիդ Սփրոքսթոն, Մաքս Հաուարդին, Բիլ Փլիմփթոն և այլն) 70 խոսնակի (Շոն Մ. Բոբբիտ, Խավիեր Դե Լա Չիկա, Էդ Հուկս, Դեյվ Բոսսերտ և այլք), կինոյի և անիմացիոն, կրթության և բիզնես ոլորտների այլ նշանավոր առաջնորդների։