Կրթություն

Երևանում մեկնարկել է մեդիագրագիտության շաբաթը՝ «Մեդիագրագիտությունը արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով

7 րոպեի ընթերցում

Երևանում մեկնարկել է մեդիագրագիտության շաբաթը՝ «Մեդիագրագիտությունը արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեկնարկել է մեդիագրագիտության շաբաթը․ Երևանում կայացավ «Մեդիագրագիտությունը արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով մեդիագրագիտության շաբաթվա (նոյեմբերի 4-10) բացման միջոցառումը:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն արդեն յոթերորդ տարին տվյալ միջոցառումն անցկացնում է  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ, որի նպատակն է առաջիկա երեք տարիների ընթացքում ամրապնդել Հայաստանի քաղաքացիական հասարակության կարողությունները երիտասարդներին կրթելու և հզորացնելու գործում։ Եռամյա ծրագիրն իրականացնում է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը Վորլդ Վիժն Հայաստանի, Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ: Մեդիագրագիտության շաբաթը հնարավոր է դարձել ԱՄՆ-ի աջակցությամբ՝ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) միջոցով։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանն իր ելույթում նշեց, որ օրեցօր զարգացող արհեստական բանականության դարաշրջանում մեդիագրագիտությունն օգնում է խուսափել խայծերից, չտրվել քարոզչությանը և հետևել մեդիա հիգիենային։  

«Հաճելի է, որ «մեդիագրագիտություն» եզրույթը գնալով ավելի ու ավելի շատ է շրջանառվում, և մեր ցանկությունն է օգնել մարդկանց, որպեսզի այն ճիշտ կիրառվի հանապազօրյա կյանքում։ Պետք է հիշել, որ մեդիագրագիտությունն առաջին հերթին կրթություն է։ Մեր գործունեությունն այս ոլորտում սկսել ենք վաղուց։ Մենք օգնել ենք երեխաներին ու երիտասարդներին ավելի լավ հասկանալ մեդիան՝ ստեղծելով հաղորդումներ և ֆիլմեր։ 2011 թվականից Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը սկսեց համակարգված գործընթաց՝ դպրոցների համար մեդիագրագիտության դասընթաց, ձեռնարկ, ուսումնական նյութեր ստեղծելու, ուսուցիչներին վերապատրաստելու, հանրակրթության մեջ մեդիագրագիտությունը ինտեգրելու ուղղությամբ՝ համագործակցելով կրթական հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների հետ։ Այս տարվա թեման ավելի շատ ուղղված է թվային գրագիտությանը։ Մենք ՀՀ-ում հաշվի ենք առել թրենդները, ու նաև արհեստական բանականության աճող կարևորությունը մեր հասարակության մեջ, դրա արդյունքներն ու օգտագործելիությունը»,- ասաց Սարգսյանը։  

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրենը հիշեցրեց, որ 2017 թվականին իրենք արժանացել են  ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից ստեղծված GAPMIL դաշինքի գլխավոր մրցանակին՝ Հայաստանում և տարածաշրջանում մեդիագրագիտության ոլորտում նշանակալի ներդրման և ձեռքբերումների համար։  

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր ելույթում նշեց, որ յուրաքանչյուր տարի ընձեռվում է հնարավորություն՝ խտացնելու տարբեր իրադարձություններ մեկ շաբաթվա ընթացքում, և այն աշխատանքը, որն արվում է ամբողջ տարվա ընթացքում, փորձ է արվում դարձնել ավելի տեսանելի ու թիրախային՝ ապահովելով զանգվածային իրազեկում, գրանցելով ավելի շատ արդյունքներ։ 

«Տարիներ շարունակ ԿԳՄՍ նախարարությունը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և մյուս կարևոր գործընկերների հետ իրականում աշխատում է նույն օրակարգի շուրջ, որի մասին խոսել ենք պարբերաբար։ Այն հանգամանքը, որ ժամանակակից աշխարհում ամենակարևոր հմտություններից մեկը մեդիագրագիտությունն է, բազմիցս ունեցել ենք այդ մասին խոսելու առիթ։ Նշել ենք նաև, որ կրթության ոլորտի փոփոխությունների հիմքում ընկած է այս կարևոր անհրաժեշտության գիտակցումը, և բոլորովին պատահական չէ, որ սկսած նախադպրոցական կրթությունից՝ չափորոշիչը ֆիքսում է մեդիակարողունակությունը, մեդիագրագիտությունը՝ որպես առանցքային կոմպետենցիա մեր երեխաների համար։ Այս ամենը շարունակվում է կրթական ծրագրերում, տարբեր նախագծերում և նախաձեռնություններում, որոնց մեծ մասը համատեղ է»,- ասաց նախարարը՝ շնորհակալություն հայտնելով որակյալ գործընկերության համար։

Անդրեասյանն ընդգծեց ևս մեկ կարևոր հանգամանք։ Ըստ նրա՝ իրականում մեդիագրագիտությունը կրթական բարեփոխումներում դիտարկվում է ոչ միայն որպես հիմնական կոմպետենցիաներից մեկը, այլև ներդրվում է կրթության այնպիսի գործիքակազմ, որն արդյունավետ կաշխատի միայն այն դեպքում, երբ ունենանք մեդիագրագետ սովորողներ։ 

«Նախագծային ուսուցումը և աշխատանքը տարբեր աղբյուրների հետ դառնում են տարբեր առարկաների դասավանդման հիմնական մեթոդները, ինչն առաջին հերթին ենթադրում է, որ մեր սովորողներն ու ուսուցիչները պետք է կարողանան ճիշտ ընտրել տեղեկատվության աղբյուրները, տեքստերը, որոնց հետ պետք է աշխատեն։ Սա ունիվերսալ հատկություն է, կրթության իրականացման մեթոդի հիմքում ընկած մոտեցում է, հետևաբար այս կարողությունն անհրաժեշտ է ամենուր՝ անկախ այն հանգամանքից, թե որ կրթական աստիճանի և որ բնագավառի մասին է խոսքը։ Մեդիագրագիտությունը դարձրել ենք նաև ուսուցիչների վերապատրաստման պարտադիր ծրագրի մաս, որտեղ ուսուցչի ստանդարտի մեջ առանձին ամրագրված են 21-րդ դարի հմտությունները՝ որպես առանձին ուղղություն, որի զարգացման կարիքն ունենք ներկա փուլում։ Դրանով իսկ պատասխանատվություն ենք վերցրել զարգացնել մեդիագրագիտության կարողությունները նաև դասավանդողների շրջանում»,- նշեց ԿԳՄՍ նախարարը։      

Անդրեասյանը հավելեց, որ հանրակրթության ոլորտում արդեն իսկ կան արհեստական բանականության երկու առանձին դասընթացներ՝ մասնավոր ոլորտի հետ գործակցությամբ։ Նրա կարծիքով՝ կրթական համակարգերը պետք է մոտեցումներ ձևակերպեն և կարողանան առնչվել արհեստական բանականության հետ կապված իրողություններին և հասկանան, թե ինչ է փոխում այն բոլորի համար։  

Նոյեմբերի 4-10-ը կանցկացվեն պանելային քննարկումներ, վարպետության դասեր, ֆորում, նոր գրքերի և ուղեցույցների շնորհանդեսներ, հանդիպումներ և դասընթացներ Երևանի ու մարզերի գրադարաններում, համալսարաններում ու դպրոցներում, երիտասարդական կենտրոններում։ Այս տարի մեդիագրագիտության շաբաթվա միջոցառումները, կրթական նյութերը, գրառումները սոցիալական ցանցերում տարածվում են #եսմեդիագրագետեմ, #մեդիագրագիտությանշաբաթ2024  հեշթեգերի ուղեկցությամբ։   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում