Մշակույթ

Երևանում նախատեսվում է տեղադրել Ֆրանսիական դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի կիսանդրին

2 րոպեի ընթերցում

Երևանում նախատեսվում է տեղադրել Ֆրանսիական դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի կիսանդրին

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի ստեղծվելիք կիսանդրին իր պատվանդանով նախատեսվում է տեղադրել նրա անունը կրող այգում, որի հիմնարկեքի արարողությունը տեղի կունենա 2025 թվականին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից՝ հավելելով, որ կիսանդրու քանդակագործ-հայտատուներից պահանջվում է պատրաստել արձանի մանրակերտը, լուսանկարել մանրակերտը երեք դիրքից և, անհրաժեշտ հայտաձևն ուղարկելով համապատասխան  էլեկտրոնային հասցեին, փաթեթը ներկայացնել մրցույթին:

«Հայտերը անանուն կներկայացվեն մրցութային հանձնաժողովին, որից հետո տեղի կունենա մանրակերտերի ցուցադրությունը և գնահատումը:

Հաղթող ճանաչված հայտի հեղինակին կտրամադրվի դրամական պարգև, և մանրակերտի հիման վրա հուշարձանը կիրականացվի, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած հայտատուներին կտրամադրվի խրախուսական մրցանակ (մրցույթը չչեղարկելու պարագայում):

Յուրաքանչյուր հայտատու կարող է ներկայացնել 1 մանրակերտի տարբերակ:

Մանրամասները՝ https://shorturl.at/EZHLz»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, հակաֆաշիստ և Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանը երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում եղել է եվրոպական ներգաղթյալներից, այդ թվում՝ մեծաթիվ հրեաներից կազմված խմբավորման ղեկավար, որն իրականացրել է դիվերսիաներ ընդդեմ նացիստների: Կարծիք կա, որ Մանուշյանի խումբը եղել է ամենաակտիվը Ֆրանսիական դիմադրության շարժման ընթացքում։ Մանուշյանն ու նրա ընկերներից շատերը ձերբակալվել են 1943 թվականի նոյեմբերին և 1944 թվականի փետրվարի 21-ին մահապատժի ենթարկվել նացիստների կողմից: Նա ճանաչվել է Ֆրանսիական դիմադրության շարժման հերոս: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում